«Թուրքիային չպետք է դիտարկել Արևմուտքի մաս». Washington Examiner
Ամերիկյան «Washington Examiner» շաբաթաթերթը հրապարակել է Թուրքիայի արտաքին քաղաքականության քայլերը քննադատող «Թուրքիան Արևմուտքի ընկերը չէ» վերնագրով վերլուծությունը։ Աղբյուրի նշմամբ՝ վերլուծության մեջ տեղ են գտել նաև սկանդալային ձևակերպումներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Իսրայելին քննադատող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությունը «ՀԱՄԱՍ» խմբավորմանը անհանգստացնող է։ Եվ Թուրքիան այն երկիրն է, որը ՀԱՄԱՍ-ի առաջնորդների հետ բացեիբաց խոսում է և աջակցում նրանց կայացրած որոշումներին։
Միևնույն ժամանակ վերլուծության մեջ անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությանը ու նշվում, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում Բաքվին։
Արևմուտքը անտեսել է ադրբեջանական նավթ գնելու Հայաստանի կոչերը ու այդ պատճառով Հայաստանը կամ կենթարկվի հերթական բռնի օկուպացիայի կամ էլ Արևմուտքի անփութության պատճառով աջակցություն կակնկալի Իրանից ու կդառնա Արևմուտքի թշնամին։
Հաջորդիվ անդրադարձ է կատարվում ռուս-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ Արևմուտքին վնաս հասցնող Թուրքիան Ռուսաստանի հետ ունի համեմատաբար ջերմ հարաբերություններ։ Մասնավորապես ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ն Ուկրիանայի միջոցով պրոքսի պատերազմ է վարում ՌԴ- դեմ, իսկ Թուրքիան Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների մեջ է։
Ինչպես նաև հավելվում է, որ չնայած ՆԱՏՕ-ի խիստ պատժամիջոցներին Թուրքիան շարունակում է ՌԴ-ից գնել նավթի հումք ու այդ պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիային դիտարկում է որպես լավ ընկեր։
Ի հավելումն նշվում է, որ չպետք է Թուրքիային դիտարկել Արևմուտքի մաս, այլապես Արևմուտքը կհայտնվի իր իսկ ստեղծած «բարդ իրավիճակում»։ Որքան շատ Արևմուտքը շարունակի Թուրքիային դիտարկել որպես իր մի մաս, այնքան շատ և շուտ կներգրավվի ռազմական հակամարտություններում։