Ժամանակն է Հայաստանի հետ սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը. ԵԽ բանաձևն ընդունվեց 504 կողմ ձայնով

Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտեցման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւն ընդունվեց 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։

«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝ բանաձեւում Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ողջունում եւ ընդունում են ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելուն միտված Հայաստանի վճռական ցանկությունը եւ կոչ անում Եվրամիության գործադիր մարմիններ Եվրոպական Հանձնաժողովին եւ Եվրոպական խորհրդին՝ դրական արձագանքել այս ցանկությանը եւ շարունակել իրականացնել ԵՄ-Հայաստան Գործընկերության նոր համաձայնեցված օրակարգը՝ ընդգծելով համագործակցության հավակնոտ համատեղ առաջնահերթությունների ակտիվ հետապնդման անհրաժեշտությունը։ Բանաձեւում նշված է, որ ժամանակն է Հայաստանի հետ սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը։

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում դիտարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։ Եվրախորհրդարանականները համոզված են, որ եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալով և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար։

ԵԽ պատգամավորները ընդունված բանաձեւով ԵՄ գործադիրին կոչ են անում ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության մեծացման հարցում, ոչ միայն տնտեսական գործընկերության, այլեւ քաղաքական երկխոսության, ոլորտային ինտեգրման եւ անվտանգության ոլորտում համագործակցութան հարցում։

Բանաձեւը դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և դրա որոշ հատվածների շարունակվող օկուպացիան, ինչպես նաեւ վերահաստատում է Ադրբեջանի զորքերը Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից դուրս բերելու՝ իր պահանջը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնում Ադրբեջանի նախագահի եւ այլ պաշտոնյաների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող հայտարարությունների, այդ թվում Ադրբեջանը Նախիջեւանին կապող արտաքին միջանցք պահանջելու վերաբերյալ։ Բանաձեւը շեշտադրում է, որ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհը պետք է լուծվի հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ եւս մեկ անգամ վերահաստատում ԵՄ-ի միանշականակ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը։

Բանաձեւն ընդգծում է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ռեժիմ սահմանել այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։

Բանաձեւն անդրադառնում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային, կրոնական եւ պատմական ժառանգության պահպանման կարեւորությանը եւ լուրջ մտահոգություն հայտնում այդ ամենի ոչնչացման, վանդալիզմի ենթարկվելու եւ պղծվելու առնչությամբ։ Ադրբեջանին կոչ է արվում պահպանել մշակութային այդ հարստությունը, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու և պաշտպանելու համար։

Բանաձեւը Ադրբեջանին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հայերի հետ անկեղծորեն ներգրավվել համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ՝ ապահովելու նրանց իրավունքների հարգումը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, արժանապատիվ և անվտանգ վերադարձն իրենց տներ՝ միջազգային ներկայության ներքո։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բոլոր բնակիչներին, ովքեր շարունակում են ադրբեջանական կալանքի տակ մնալ։ Ինչպես նաեւ կոչ է արվում անհապաղ և արդյունավետ կերպով իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի բոլոր որոշումները։

Հիշեցնելով, որ Հայաստանը վերանայում է ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը, բանաձեւը կոչ է անում ԵՄ-ին դրական արձագանքել Հայաստանի Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով իրեն աջակցությունն ցուցաբարելու խնդրանքին։ Բանաձեւում շեշտադրվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ ԵՄ համագործակցության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը։

Բանաձեւը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի, սահմանների սահմանազատման վրա՝ հիմնված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի համապատասխան քարտեզների վրա, որոնք տրամադրվել են կողմերին։

Բանաձեւն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր առկախ հարցերի շուրջ բանակցությունների վերսկսմանը` նպատակ ունենալով կնքել խաղաղության պայմանագիր և կոչ է անում երկու կողմերին լիովին հավատարիմ մնալ հիմնախնդրի տեւական և խաղաղ կարգավորմանը երկխոսության և բանակցությունների միջոցով հասնելուն։

Բանաձեւում անդրադարձ կա նաեւ ԵՄ որոշ պաշտոնյաների եւ կառույցների հայտարարությունների տոնայնությանը, որոնք շնորհավորում էին նախագահ Ալիևին վերընտրվելու համար՝ չհիշատակելով Ադրբեջանում ժողովրդավարության բացակայությունը, հատկապես, որ Ադրբեջանը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտման համար։

Տեսանյութեր

Լրահոս