
Կառավարությունը մտադիր է Կապանի օդանավակայանը ծառայեցնել նաև միջազգային չվերթների համար

Հայաստանի կառավարությունը ցանկություն ունի միջազգային ստանդարտների համար հայտ ներկայացնել և Կապանի օդանավակայանը ծառայեցնել նաև միջազգային չվերթների համար:
Այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին:
Աղազարյանը նկատեց, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին պայմանագրի համաձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանից 250 կմ հեռավորության վրա միջազգային օդանավակայան կառուցելու իրավունք չկա:
Սանոսյանը հայտնեց, որ պայմանագրում նման կետ կա 2001 թվականից, երբ կոնցեսիոն կառավարման է հանձնվել օդանավակայանը:
«Մենք հիմա գործընկերների հետ բանակցում ենք այդ կետի հետ կապված փոփոխություն անելու համար: Մեր մտադրությունն ու ցանկությունն է Կապանի օդանավակայանը ոչ միայն ներքին, այլ նաև միջազգային չվերթների համար ծառայեցնել: Եվ հիմա բանակցում ենք, որ այս կետում փոփոխություն անենք, և հանելով այդ սահմանափակումը, կարողանանք միջազգային ստանդարտների համար հայտ ներկայացնել ու Կապանի օդանավակայանը դարձնել միջազգային օդանավակայան»,-ասաց նախարարը:
Պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ հայտնեց, որ այդ կոնցեսիոն պայմանագիրն ավարտին է մոտենում, գալիս է նոր պայմանագիր կնքելու ժամանակը: