
«Երևանի ավտոբուս»-ի 21 վարորդ 2024-ի ընթացքում ազատվել է աշխատանքից

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 10֊ն ընկած ժամանակահատվածում 21 վարորդ ազատվել է աշխատանքից։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։
Ազատման պատճառներից է նաև Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, կանանցից գումար գանձելը»,- նշել է Կոստանյանը։