Սեպտեմբերից Երևանում կգործեն տրանսպորտային ուղևորափոխադրման նոր սակագներ. երեք տոմսային փաթեթներին առնչվող նախագիծն ընդունվեց
Երևանի ավագանու երկրորդ նստաշրջանի երկրորդ նիստում քննարկվեց «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու մասին» նախագիծը, որին գլխադասային ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից տրվել է դրական եզրակացություն։ Նախագիծը ներկայացրեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ ավագանու նախորդ նիստում մանրամասն քննարկվել է նախագծի ընդհանուր տրամաբանությունը, հետևաբար նա անդրադարձավ փոփոխություններին, որոնք կատարվել են առաջին քննարկումից հետո։
«Երեք տոմսային փաթեթների մասով՝ ամսական, եռամսյակային և տարեկան, հանվել են երթևեկության սահմանափակումները և փաթեթները ենթադրելու են անսահմանափակ երթևեկության հնարավորություն սահմանված ժամկետների շրջանակներում։ Երկրորդ՝ երեք տոմսային փաթեթները նախատեսվել են ավելի մատչելի գների համար՝ համեմատած սկզբնական նախագծի տարբերակի։ Մասնավորապես ամսական, եռամսյակային և տարեկան փաթեթների համար սահմանվել է համապատասխանաբար 9000 և 8800 դրամ՝ կախված թվային կամ ֆիզիկական կրիչի համար, 24000 և 23600 դրամ, 90000 և 88000 դրամ»,- ասաց փոխքաղաքապետը։
Գրիգորյանը տեղեկացրեց, որ որոշակիորեն հասցեագրվել է նաև այն ուղևորների մտահոգությունը, ովքեր հաճախ չեն օգտվում տրանսպորտից և հավելեց, որ 10-անգամյա ուղևորության լիցքավորման փաթեթը կարժենա 2200 և 2100 դրամ՝ կախված ֆիզիկական կամ էլեկտրոնային կրիչից։
«Նախագիծը դրվել էր հանրային քննարկման և հաշվի առնելով, որ արձանագրվել էր լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն, ապա լսեցինք բոլոր կարծիքներն ու առարկությունները, հետևաբար նախագծի ներկայիս տարբերակն ունի երկու նպատակ՝ շարունակել սուբսիդավորումը, բայց ունենալ հնարավորություն այդ սուբսիդավորումը պահել որոշակի տրամաբանության շրջանակներում՝ համաչափ ծախսեր չանելով ի հաշիվ այլ ոլորտների, և երկրորդ՝ վերացնել ստվերի տեսքով առկա արատավոր երևույթները, ունենալ ավելի ճշգրիտ տվյալներ՝ հետագայում ավելի տվյալահեն որոշումներ կայացնելու համար»,- ասաց Գրիգորյանը։
Փոխքաղաքապետը նշեց, որ նախագծի ուժի մեջ մտնելը նախատեսված է սեպտեմբերի 1-ին, երբ արդեն գիծ դուրս եկած կլինեն 8,6 մետր երկարություն ունեցող 171 ավտոբուսներ։ Նա տեղեկացրեց, որ նախագծի ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ պետք է նաև գործեն արտոնությունների փաթեթները, որոնց վրա քաղաքապետարանը դեռ ժամանակ կունենա աշխատելու։ Գրիգորյանը հավաստիացրեց, որ այդ հարցում կառավարվելու են միջազգային փորձով, ուստի արտոնյալ խմբերի (ուսանողներ, սոցիալապես անապահով անձինք) խնդիրները լինելու են քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշեց, որ նախորդ նիստում տվյալ հարցի վերաբերյալ կայացել է բազմաբովանդակ քննարկում, որի ընթացքում եղել են ինչպես ճիշտ դիտարկումներ, այնպես էլ մանիպուլյացիաներ։
«Այս նախագիծը տրանսպորտային միասնական տոմսային համակարգ ունենալու, ապագայում տրանսպորտային համակարգն արդիականացնելու հնարավորություն ունենալու համար է, իսկ այն մարդիկ ովքեր իրապես ունեն արտոնությունների կարիք, ապա այդ հարցի շուրջ կրկին կլինեն քննարկումներ բոլոր շահագրգիռ խմբերի հետ։ Մինչև սեպտեմբեր բերվելու են տարբեր արտոնությունների նախագծեր, որոնք հաշվի են առնելու պոտենցիալ այն քաղաքացիների բեռը, ովքեր իսկապես կարող են այդ բեռի պատճառով նեղվել։ Նոր նախագծի հաշվարկներով համարվում է, որ տրանսպորտի ոլորտում ամբողջական ստվերը վերացված է։ Ամբողջական գումարները նոր տոմսային համակարգի գներով մտնելու են Երանի քաղաքապետարան և նույնիսկ այդ պայմաններում մենք շարունակում ենք սուբսիդավորել հանրային տրանսպորտի ոլորտը։ Այո, ավելի նվազ չափով, բայց շարունակում ենք»,- ասաց Ավինյանը։
Քաղաքապետը հորդորեց երևանցիներին այնուամենայնիվ ծանոթանալ նախագծին և հավելեց, որ շուտով քաղաքապետարանի պաշտոնական կայքում կտեղադրվի մի հաշվիչ, որը թույլ կտա հանրային տրանսպորտից օգտվելը պլանավորել ֆինանսական տեսանկյունից։ Ավինյանը վստահեցրեց, որ բարձրաձայնվող ահասարսուռ թանկացումներն իրականությանը չեն համապատասխանում և մայրաքաղաքի տրանսպորտային համակարգում բարեփոխումները կբարձրանան այլ մակարդակի՝ անցնել;ով ավելի դրական փուլ։
Ավագանու անդամները զեկուցող Սուրեն Գրիգորյանին ուղղեցին բազմաթիվ հարցեր։ Այնուհետև կայացավ քվեարկություն։ 32 կողմ, 2 դեմ, և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց։