
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը կոչ է արել Էրդողանին դադարեցնել առևտուրը Իսրայելի հետ

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Օզգյուր Օզելը խոսել է մարտի 31-ին Թուրքիայում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա ընդգծել է, որ նախընտրական փուլում իշխանական շրջանակներում անհանգստություն, վախ և նյարդայնություն է նկատվում, ինչն էլ նրանց ստիպում է սխալը սխալի ետևից անել։
Բացի այդ Օզելը, խոսելով Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակից, կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դադարեցնել Իսրայելի հետ իրականացվող առևտուրը՝ զուգահեռաբար քննադատելով նրան:
«Պաղեստին բառն անդադար հնչեցնողների և Իսրայելի միջև առևտուրը կրկնակապատկվել է: Եթե ցանկանում ես, որ ճնշումներն ավարտվեն, նախևառաջ պետք է դադարեցնես Իսրայելի հետ իրականացվող առևտուրը»,- ասել է նա: