Օգոստոսի 1-ից ռուսները կհեռանան «Զվարթնոցից». Փաշինյան
Հայաստանը ռուսական կողմին պաշտոնապես տեղեկացրել է օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում ինքնուրույն սահմանային հսկողություն իրականացնելու մտադրության մասին։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ավելի վաղ ասել էր, որ հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին աջակցության համար և տեղեկացրել, որ կարող է իր ուժերով իրականացնել սահմանային վերահսկողությունը:
«Մենք ոչ թե դիմել ենք ՌԴ–ին, այլ տեղեկացրել որոշման մասին, ու ժամկետը կարծեմ թե նշված է 2024 թվականի օգոստոսի 1-ը»,- ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց` Հայաստանն այդ քայլը դիտարկում է որպես աշխատանքային գործընթաց, ոչ թե աշխարհաքաղաքական կամ ուղղակի քաղաքական։