Դժգոհ եմ եղել Մարուքյանից, հետը չեմ աշխատել, նրան ոչ մի հանձնարարություն չեմ տվել. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսում հայտարարեց, թե որն է եղել Էդմոն Մարուքյանի հրաժարականի պատճառը։ Պարզվում է՝ ինքն է դժգոհ եղել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի աշխատանքից ու այդ պատճառով է ազատել պաշտոնից։
«Եթե ուզում եք ճշմարտությունն իմանալ, ապա պատճառը, որի համար Էդմոն Մարուքյանն ազատվել է պաշտոնից, այն է, որ ես դժգոհ եմ եղել նրա աշխատանքից։ Նա այդ մասին գիտի, ես էլ եմ այդ մասին նրան ասել։ Ու ասել եմ` կոնկրետ ինչից եմ դժգոհ ու ինչն է եղել պատճառը, որ ես նրան երկար ժամանակ որևէ հանձնարարական չեմ տվել, ուղիղ չեմ աշխատել իր հետ, այլ միջնորդավորված եմ աշխատել։ Ես նրան հաջողություն ու շնորհակալություն եմ հայտնել»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Մարուքյանը որպես պաշտոնից ազատվելու պատճառ կարող է ներկայացնել ցանկացած բան` 2022 թ. Պրահայի հանդիպումը, 2023 թ. որևէ այլ իրադարձություն, սակայն պատճառը մեկն է` նրա աշխատանքը բավարար չէր։
«Մեր վերջին հանդիպման ժամանակ Մարուքյանն ասաց, որ ես մի հայտարարություն եմ արել, որը նա խնդրահարույց է համարում, ես ասացի` բացառված է, որ ես նման հայտարարություն արած լինեմ։ Խնդրեցի, որ այդ հայտարարությունն ինձ վիդեոյով ուղարկի` հղումով, րոպեններով։ Հղումը չստացա, րոպեն չստացա, ստացա ինչ-որ մի տեքստ»,– պատմեց Փաշինյանը։
Փաշինյանը զարմացավ լրագրողի հարցից, երբ նա թվարկեց այն պատճառները, որոնք Մարուքյանը ներկայացրել էր որպես պաշտոնից ազատման հիմք։
«Էդ բոլորը ի՞նքն ա ասել, բա էդ դեպքում ինչի՞ 2022-ի հոկտեմբերին հրաժարական չի տվել»,- հարցրեց նա։
Հիշեցնենք` Էդմոն Մարուքյանը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրեց փետրվարի 29–ին։ Մարտի 4–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց նրան պաշտոնից ազատելու որոշումը։ Մարտի 9-ին Մարուքյանը հայտարարեց, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատվել է մի քանի պատճառով, որոնցից մեկը եղել է ՀՀ նոր Սահմանադրության ու ՀՀ հռչակագրի շուրջ անհամաձայնությունը։