ԿԲ խորհուրդը որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 12-ի նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0․25 տոկոսային կետով՝ սահմանելով 8․50%:

Ինչպես տեղեկացրին ԿԲ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միաժամանակ, Խորհուրդը ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը սահմանել է 10.00%, իսկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից դրամական միջոցների ներգրավման գործիքի տոկոսադրույքը՝ 7.00%: Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար:

12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ 2024 թվականի փետրվարին կազմելով -1.7%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս շարունակել է նվազել՝ հունվարին կազմելով -0.4%: Համաշխարհային տնտեսությունից փոխանցվող գնաճային ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա շարունակում են զգալիորեն թուլանալ։ 2024 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր երկրների տնտեսական ակտիվությունը շարունակում է դանդաղել, իսկ տարեկան գնաճը` նվազել։ Այնուամենայնիվ, գնաճային միջավայրը պահպանվում է բարձր մակարդակներում՝ պայմանավորված աշխատաշուկայից ածանցվող գնաճային ճնշումներով:

Սպասվում է, որ առաջիկայում հիմնական գործընկեր երկրների կենտրոնական բանկերը կպահպանեն դրամավարկային քաղաքականության զսպող դիրքը, ինչը կարող է ռիսկեր ստեղծել համաշխարհային պահանջարկի կրճատման և գնաճի նվազման համար: Մերձավոր Արևելքում աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում մատակարարման շղթաների խաթարման, ինչպես նաև Չինաստանում ֆինանսատնտեսական խնդիրների սրման հետևանքով, առկա են Համաշխարհային տնտեսական աճի դանդաղման և միջազգային ապրանքահումքային շուկաներում գների տատանողականության հետ կապված ռիսկեր:

2023 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվությունը պահպանվել է բարձր մակարդակում, ինչին շարունակել է նպաստել շինարարության և առևտրի ոլորտների բարձր աճը: Արտաքին պահանջարկը դանդաղում է, սակայն ներքին պահանջարկը շարունակում է պահպանվել համեմատաբար բարձր մակարդակներում:

Հայաստանում գնաճը շարունակում է մնալ ցածր, ինչին հիմնականում նպաստել են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացված զսպող դրամավարկային քաղաքականությունը, արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունները և դրամի արժևորման հետևանքները: Միաժամանակ, աշխատուժի առաջարկի ավելացումը որոշակիորեն նպաստել է համախառն պահանջարկի և առաջարկի միջև անհավասարակշռության կրճատմանը, ինչն էլ արտահայտվել է աշխատավարձերի և կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գնաճի ու գնաճային սպասումների նվազմամբ:

Բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը, Խորհուրդն իր քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ: Մի կողմից, Խորհուրդը քննարկել է սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ դեռևս պահպանվող բարձր գնաճային սպասումները, ինչպես նաև երկրի ռիսկի հավելավճարի հետ կապված անորոշությունները, պահանջում է քաղաքականության ավելի կոշտ արձագանք՝ միջնաժամկետում ներքին պահանջարկը զսպելու, գնաճային սպասումները խարսխելու և գների կայունության նպատակը ապահովելու համար։ Մյուս կողմից, Խորհուրդը քննարկել է սցենարներ, որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները, այդ թվում՝ աշխատուժի առաջարկի շարունակական ընդլայնումը և պահանջարկի որոշակի թուլացումը, կձևավորեն ավելցուկային առաջարկ` հանգեցնելով գնաճի ցածր մակարդակի երկար պահպանմանը:

Սա ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի միջնաժամկետ հորիզոնում գնաճը՝ նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար: Ամփոփելով՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը, ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց շարունակել դանդաղ տեմպերով աստիճանական թուլացումը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար: Հաստատված է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի կողմից։

Տեսանյութեր

Լրահոս