Դելիմիտացիան կարող է սկսվել Տավուշի մարզից. չեմ բացառում տարածքների փոխանակումը. Փաշինյան

Չի բացառվում, որ դելիմիտացիայի գործընթացը կսկսվի Տավուշի մարզից։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Բանակցային գործընթացում երբեմն եղել է տպավորություն, որ մենք կարող ենք որոշակի իրողություններ հաշվի առնելով` տարածքների որոշակի փոխանակումներ անել այն իմաստով, որ չնայած դե յուրե սահմանն այստեղ է, բայց դե ֆակտո իրողությունները նկատի ունենալով` ինչ–որ փոփոխություններ անենք։ Նման հնարավորությունները մեծ չեն ու կարող են դեֆորմացնել գործընթացը, լրացուցիչ ռիսկեր բերել»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա` եթե ՀՀ կոմունիկացիաները ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ունեցած սահմաններից դուրս են, ուրեմն դրանք պետք է վերակառուցել, որպեսզի դրանք անցնեն ՀՀ դե յուրե տարածքով։

Փաշինյանը նշեց, որ նաև այդ նպատակով է այցելություն ունենալու Տավուշի մարզ` տեղում հնարավոր խնդիրներին ծանոթանալու։

«Այս պահի դրությամբ մենք որոշումներ չունենք, սակայն այս ամբողջ պրոցեսը պետք է կառավարենք իմ նշած վերոնշյալ տրամաբանությամբ։ Հետևելով մեր փորձագետների կարծիքներին` ես այն համոզման եմ, որ այստեղ կա շփոթ և մտածողության ու դիտանկյունի խնդիր։ Ես միշտ ասել եմ` երբ սահմանագծման և սահմանզատման գործընթացը հնարավորինս շուտ մտնեն ուժի մեջ` զուգահեռ երեք կարևոր պայման կապահովվի` տեղի ունեցող պրոցեսի իրավական հենքը, ֆունկցիոնալ հարցերի լուծումը և անվտանգությունը»,- հատարարեց նա։

Նրա խոսքով՝ դելիմիտացված սահմանը արդեն իսկ պետք է դառնա երկաթյա երաշխիք այդ հատվածի հարատև կայունության համար։

Տեսանյութեր

Լրահոս