Հայաստանում գերիներին չեն սպասո՞ւմ. Փաշինյանը հարցը թողեց անպատասխան

Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսում հրաժարվեց մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե ՀՀ-ում Արցախի նախկին ղեկավարներին չեն սպասում:

«Ինչպես նախկինում ասել եմ՝ ուրիշին վերագրվող ուղիղ մեջբերումները նախընտրում եմ մեկնաբանել անձամբ կարդալուց հետո»,- ասաց նա՝ այդպես էլ չպատասխանելով հարցին՝ արդյոք ՀՀ-ում Արցախի նախկին ղեկավարներին սպասո՞ւմ են, թե՞ ոչ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու ՀՀ քայլերին՝ Փաշինյանն ասաց, որ նրանց վերադարձնելու ուղղությամբ ամենօրյա աշխատանք է արվում.

«Ես հասկանում եմ, որ այդ ամենօրյա աշխատանքի նկարագրությունը նույնիսկ անիմաստ է, քանի դեռ արդյունք չկա: Նախկինում էլ գերեվարված մեր հայրենակիցների հարազատների հետ հանդիպումներից իքս պահի խուսափում էի, քանի որ ինչ էլ ասեի, իրենց համար դա ոչ մի բան էր, քանի դեռ իրենց հարազատները տանը չէին: Հետևաբար, հարցի սոլիտ պատասխանն այն է, որ մենք ամենօրյա աշխատանք ենք տանում: Արդյունավե՞տ է այդ աշխատանքը․ քանի դեռ վերադարձը տեղի չի ունեցել, ակնհայտորեն՝ ոչ: Բայց նույն կերպ մենք շատ երկար «անարդյունավետ» աշխատանք արեցինք դեկտեմբերին եկած եղբայրներին վերադարձնելու ուղղությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս