«Իմ ներվերը բետոնից են, ինձ չեք կարողանալու հունից հանել… պարո՛ն Երիցյան, Դուք Ձեր չափերը մի՛ անցեք». Ավինյան

Այսօր Երևանի ավագանու հերթական նիստում օրակարգի հաստատման և չզեկուցվող հարցերի ընդունման քվեարկության ժամանակ Տիգրան Ավինյանի ու ավագանու ընդդիմադիր մի շարք  անդամների միջև տեղի ունեցավ լեզվակռիվ։

Նիստի սկզբում ավագանու ընդդիմադիր խմբակցությունները հանդես եկան առաջարկներով. օրինակ, «Ազգային համաձայնություն» խմբակցության անդամ Հայկ Թորոսյանն առաջարկեց հրավիրել ավագանու նախկին անդամ Հայկ Մարությանին մասնակցելու ավագանու նիստին՝ որպես փորձագետ։

Ավինյանը, սակայն, այս ու մյուս առաջարկները չդրեց քվեարկության, իսկ նիստի օրակարգը հաստատելու և անհրաժեշտ քվե ունենալու համար հարցը երկու անգամ դրեց քվեարկության, ինչն էլ զայրացրեց ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամներինև նրանցից մի քանիսը սկսեցին ձեռքերով հարվածել սեղաններին։

«Ուզում եք` սեղանին խփեք, ինչ ուզում եք՝ արեք։ Սա ձեր իրավունքն է։ Ուզում եք՝ բոյկոտեք, էդ գործում էլ եք լավ, բայց գիտեք՝ դրա հետևանքը ինչ է լինում։ Բայց ասեմ՝ անկարգապահ լինելու հետևանքն էլ կա մեր կանոնակարգով նախատեսված, ավագանու հարգելի անդամներ»,- ասաց Ավինյանը։

Նրա այս հայտարարությունն ավելի լարեց իրավիճակը, ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը պահանջեց, որ իրենց առաջարկները դրվեն քվեարկության, ինչին ի պատասխան Ավինյանն ասաց.

«Իմ ներվերը բետոնից են, ինձ չեք կարողանալու հունից հանել։ Տիկի՛ն Աբգարյան, մի՛ ստիպեք միկրոֆոններն անջատել ու զգուշացումներ բաժանել»։

Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի զեկույցից հետո ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն արձագանքեց. «Ընթերցանության համար` 5, ծրագրի իրականացման համար` 2, ի՞նչ լեզվով Ձեզ բացատրենք, պարո՛ն Ավինյան, երևի ճապոներե՞ն, հաշվի առնելով Ձեր կապը ճապոնական ծառատեսակների հետ»։

Ավինյանին այս ելույթը դուր չեկավ ու նա զգուշացրեց Գ. Երիցյանին, որ այսպես նա կարող է դուրս գալ դահլիճից ու այլևս չվերադառնալ։

«Պարո՛ն Երիցյան, Դուք Ձեր չափերը մի՛ անցեք, և սա զգուշացում է, պարո՛ն Երիցյան։ Մի՛ մոռացեք` որտեղ եք գտնվում։ Սա առաջին զգուշացումն է Ձեզ։ Եթե շարունակեք այսպես, նախ կզրկվեք ձայնի իրավունքից, հետո դուրս կգաք այս դահլիճից ու այլևս չեք վերադառնա, հետևաբար Ձեր չափերը ճանաչեք»։

Տեսանյութեր

Լրահոս