Այո՛, այսուհետ առանց ռուս սահմանապահների. Փաշինյանը՝ «Զվարթնոցից» ռուսների հեռացման մասին
Նիկոլ Փաշինյանն ասուլիսում՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ հաստատեց՝ Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում դադարեցվի նրանց գործունեությունը:
«Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին։ Նրանք շնորհակալություն են հայտնել ՀՀ անկախությունից ի վեր «Զվարթնոցում» ծառայություն իրականացնելու և անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցած ծառայության համար։
Նամակում նաև տեղեկացրել են` քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, այս ընթացքում ՌԴ-ի մեր գործընկերների աջակցությամբ «Զվարթնոցում» ծառայող ՀՀ սահմանապահներն արդեն բավարար փորձ ու հմտություն ձեռք են բերել, որպեսզի սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության»,- ասաց Փաշինյանը։
«Սա է ամբողջ նամակը»,- հավելեց նա: