«ԱՄՆ-ը և Թուրքիան կարևոր և սերտորեն համագործակցող դաշնակիցներ են». Բլինքեն
«ԱՄՆ-ը և Թուրքիան կարևոր և սերտորեն համագործակցող դաշնակիցներ են մի ժամանակաշրջանում, երբ բախվում են ընդհանուր մարտահրավերների», – հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ նախօրեին Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ։
Ընդլայնված կազմով բանակցությունների մեկնարկին ամերիկյան դիվանագիտության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել թուրքական կողմին ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացին նպաստելու համար։
Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ՝ թուրք-ամերիկյան բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ այդ թվում Ուկրաինայում և Գազայում շարունակվող ռազմական գործողությունների թեման։
«Վերջին մի քանի ամիսներին սա իմ և Թոնիի արդեն երրորդ հանդիպումն է։ Դրա պատճառն այն է, որ աշխարհքաղաքական և տարածաշրջանային զարգացումները հուշում են մեզ, որ պետք է սերտորեն համագործակցել և աշխատել իրար հետ», – նշել է Թուրքիայի արտգործնախարարը։