Մոլդովան և Ֆրանսիան կստորագրեն համաձայնագիր պաշտպանության ոլորտում համագործակցության շուրջ
Մոլդովան և Ֆրանսիան պաշտպանության ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիր կստորագրեն հանրապետության նախագահ Մայա Սանդուի` Փարիզ աշխատանքային այցի շրջանակներում։ Այդ մասին հաղորդել է Մոլդովայի նախագահի մամուլի ծառայությունը։
«Մարտի 7-ից 8-ը Մոլդովայի հանրապետության նախագահ Մայա Սանդուն կգտնվի Փարիզում: Աշխատանքային այցի ծրագիրը ներառում է հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ելիսեյան պալատում և համագործակցության համաձայնագրերի ստորագրում», – հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ինչպես պարզաբանել են կառավարությունում, նախագահին ուղևորության ընթացքում կուղեկցի պաշտպանության նախարար Անատոլի Նոսատին, որը Փարիզում կստորագրի պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր։ Պայմանագիրը կոչված է ընդլայնելու փոխգործակցությունը 1998 թվականի համաձայնագրի հիման վրա: Նոր փաստաթուղթը փոխգործակցության համար հնարավորություններ է բացում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անձնակազմի վերապատրաստումը, մասնակցությունը միջազգային առաքելություններին, օդային տարածքի վերահսկումը, տեխնոլոգիաների փոխանակումը և այլ ոլորտներ:
Ավելի վաղ Ֆրանսիան Մոլդովային է մատակարարել Ground Master (GM) 200 մարտավարական ռադար՝ երկրի օդային տարածքի հսկողության համար, ինչպես նաև անհատույց փոխանցել է ռազմական սարքավորումների խմբաքանակ: Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են գնել ևս երկու նմանատիպ ռադար՝ երկրի ամբողջ տարածքի ընդգրկման համար։
Անցյալ տարի Մոլդովայի խորհրդարանը հաստատել է ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որտեղ որպես հանրապետության գլխավոր սպառնալիք է նշվել Ռուսաստանը։ Մոլդովայի ռազմավարական գործընկերն անվտանգության և պաշտպանության բնագավառում հայտարարվել է Ռումինիան։ Փաստաթղթի համաձայն՝ հանրապետությունն այդ բնագավառում կամրապնդի համագործակցությունը ԵՄ-ի մյուս երկրների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ: