ԳԱԱ նախագահությունը չի ընտրել Արևելագիտության ինստիտուտի տնօրեն. ո՞վ է տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատարը

Փետրվարի 28-ին Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Արևելագիտության ինստիտուտում տնօրեն էին ընտրում: Վերջին փուլն էր, ԳԱԱ նախագահության ընտրության փուլը: Արևելագիտության ինստիտուտում արդեն իսկ երկու փուլով ընտրություններ տեղի են ունեցել: Առաջին փուլում՝ աշխատակիցների ընտրության ժամանակ, երկու թեկնածուները՝ տվյալ պահին ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մարգարյանն ու նույն ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Լևոն Հովսեփյանը հավասար ձայներ էին ստացել: Հաջորդ քվեարկության ժամանակ, արդեն բաժնում, ձայները երկու թեկնածուների միջև նույնպես հավասար էին բաշխվել: Խոսքը Հասարակական և հումանիտար գիտությունների բաժնի մասին է, որի աշխատանքները կոորդինացնում է ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

Հերթը ԳԱԱ նախագահությանն էր, սակայն փետրվարի 28-ին այն նույնպես չկարողացավ տնօրեն ընտրել: 168.am-ի տեղեկություններով՝ երկու թեկնածուներն էլ հավասար, 4-ական կողմ և 7-ական դեմ ձայներ ստացան, ու Արևելագիտության ինստիտուտում ամեն ինչ կսկսվի նորից, կլինի 3 փուլով ընտրություն, ինչպես նախորդ դեպքում:

Մինչ այդ 168.am-ը տեղեկացավ, որ թեկնածուներից Գոռ Մարգարյանը, ով նախորդ տնօրեն Ռոբերտ Ղազարյանի հովանավորյալն է եղել, հոգեբանական այնպիսի ծանր վիճակում է գտնվել ընտրության օրը, որ ԳԱԱ նախագահությանն ասել է, թե Ռոբերտ Ղազարյանի տնօրինության տարիներին Արևելագիտության ինստիտուտը կործանման եզրին է եղել: Դա լսելով՝ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը շատ բնական հարց է տվել վերջինիս՝ բա որ ինստիտուտի վիճակն այդքան վատ էր, դու էլ փոխտնօրեն էիր, այդ ժամանակ ինչո՞ւ չէիր բարձրաձայնում այդ մասին:

Ինստիտուտից մեզ փոխանցեցին՝ Գոռ Մարգարյանն այնքան վստահ է եղել իր հաղթանակի մեջ, որ հոխորտացել է, թե իրեն դեմ քվեարկած աշխատակիցներին անպայման ազատելու է աշխատանքից: Մեր տեղեկություններով՝ մարդիկ են եղել, որ ասել են՝ չեն սպասի, որ Գոռ Մարգարյանը տնօրեն դառնա ու իրենց ազատի աշխատանքից, իրենք ինքնուրույն մինչ այդ աշխատանքից ազատման դիմում կգրեն:

Կարդացեք նաև

Ինչևէ, 168.am-ի՝ Արևելագիտության ինստիտուտի աղբյուրների փոխանցմամբ՝ ինստիտուտն արդեն տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի՝ Արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանը: Վերջինիս բնութագրում են՝ որպես նորմալ մարդ ու լավ գիտնական:

Հիշեցնենք, որ 168.am-ը փետրվարի 19-ին գրել էր Արևելագիտության ինստիտուտում տնօրենի ընտրությունից առաջ տիրող իրավիճակի մասին, այն մասին, թե ինչպես էին Ռոբերտ Ղազարյանն ու Գոռ Մարգարյանն առանձին կանչում անգամ կին աշխատակիցներին, իրենց կամքը պարտադրում նրանց:

Մենք տեղեկացանք նաև, որ ԳԱԱ նախագահության առաջ փետրվարի 28-ին Գոռ Մարգարյանի բոցաշունչ ելույթից ու Արևելագիտության ինստիտուտի՝ անդունդի եզրին գտնվելու խոսքից հետո վատացել են նրա ու իր երբեմնի հովանավոր Ռոբերտ Ղազարյանի հարաբերությունները:

Տեսանյութեր

Լրահոս