Ռուս սահմանապահների վերաբերյալ Հայաստանն ունի հստակ դիրքորոշում. նրանք պետք է դուրս գան. Արմեն Գրիգորյան
«Հայաստանը քննարկում է տարբեր հարցեր և շարունակելու է գոյություն ունեցող բոլոր ուղղությունները և հարցերը քննարկել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը քննարկո՞ւմ է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հարցը։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին ի՞նչ կարող է տալ Հայաստանին, և այդ դեպքում ինչպիսի՞ն են լինելու հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ ՀԱՊԿ-ից պետք է հարցնել, թե ինչպիսին են լինելու Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները։
«Ես արդեն նշել եմ, որ մեր օրակարգում կան տարբեր հարցեր, բոլոր հարցերն էլ մեր սեղանի վրա են։
Ռուսաստանն ավելի շատ պետք է հստակեցնի՝ որպես ՀԱՊԿ անդամ։ Գիտեք, որ ՀԱՊԿ-ի հետ մեր վերջին շրջանի՝ առնվազն 2021 թվականի մայիսից սկսած քննարկումը եղել է այն, որ Հայաստանը սահման ունի Ադրբեջանի հետ, ՀԱՊԿ-ը պնդել է, որ չունի։ Նույնիսկ չի դատապարտել ՀՀ տարածքի օկուպացիան։ Ես կասեի, որ այստեղ ավելի շատ անհրաժեշտություն կա, որ ՌԴ-ն՝ որպես ՀԱՊԿ անդամ, հստակեցնի իր դիրքորոշումները Հայաստանի հանդեպ, այլ ոչ թե՝ Հայաստանը»,- շեշտեց նա։
Հարցին՝ քննարկվո՞ւմ է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու հարց, Արմեն Գրիգորյանը պատասխանեց.
«Հայաստանն այս հարցում հստակ դիրքորոշում ունի, այդ հստակ դիրքորոշման մասին վերջերս ՌԴ-ին տեղյակ պահել է պաշտոնական նամակով։ Դիրքորոշումն այն է, որ Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայությունը օդանավակայանում»,- նշեց ԱԽ քարտուղարը։
Ճշտող հարցին՝ ինչո՞ւ է առաջացել ռուս սահմանապահներին օդանավակայանից հանելու հարց, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ Հայաստանն անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություններ է ձեռք բերում, և այս պահին Հայաստանն ամբողջական կարողություն ունի՝ օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն իրականացնելու համար։