Գարիկ Գալեյանի վիճակը ստենտավորումից հետո սրվել է, նա դիմել է հիվանդանոց. փաստաբան. Sputnik Արմենիա

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վիճակը ստենտավորումից հետո փոքր–ինչ սրվել է, նա գնացել է «Աստղիկ» բժշկական կենտրոն հետազոտության։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Գարիկը հենց հիմա հիվանդանոցում է, այսօր առավոտյան է տեղափոխվել և կրկին անցնում է հետազոտություններ»,–ասաց փաստաբանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գարիկ Գալեյանը, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բուժկենտրոն, որտեղ նրա սիրտը ստենտավորել են, տեղադրել են 5 ստենդ, բայց նա ևս 2-ի կարիքն ունի, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա։

Նշենք, որ փետրվարի 26–ին Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը դատական հրատապ նիստ էր հրավիրել և խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրել։

«Անհապաղ դատական նիստ հրավիրելու միջնորդություն էինք ներկայացրել, առաջնահերթության կարգով՝ արտահերթ, բայց պարզվեց, որ մեր միջնորդության ներկայացման հենց հաջորդ օրը առավոտյան դատավորը գնացել է արձակուրդ ու վերադառնալու է միայն մարտի 15-ին։ Հետևաբար, այլ դատավոր չի կարող քննարկել արտահերթ միջնորդությունը, քանի որ գործն իր վարույթում է և պետք է սպասենք, մինչև ինքը արձակուրդից վերադառնա, նոր անդրադառնա այդ միջնորդությանը։

Չգիտեմ՝ դատավորի արձակուրդ գնալը զուգադիպություն էր, թե դիտավորություն, բայց փաստ է, որ մենք միջնորդությունը ներկայացրինք, հաջորդ օրն առավոտյան դատավորը մեկնեց արձակուրդ»,- ասաց Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս