Կոպենհագենում կփորձարկեն քառօրյա աշխատանքային շաբաթը
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը փորձ է սկսում՝ կապված ճկուն աշխատանքային շաբաթվա անցնելու հետ: Այդ մասին հաղորդել է Կոպենհագենի քաղաքապետարանի տնտեսական վարչությունը։
Քաղաքի հանրային ոլորտի աշխատակիցները կկարողանան քառօրյա աշխատանքային շաբաթ ընտրել՝ սովորական հնգօրյայի փոխարեն:
«Որպես մունիցիպալիտետ մենք պետք է հնարավորինս լավագույն ծառայություն տրամադրենք Կոպենհագենի բնակիչներին: Եվ, հետևաբար, պետք է հնարավոր ամեն բան անենք գրավիչ աշխատավայր ստեղծելու համար` աշխատանքի և անձնական կյանքի ճիշտ հավասարակշռությամբ, քանի որ դա կարևոր է աշխատանքից բավարարվածության զգացում ունենալու և նոր աշխատակիցներ ներգրավելու համար: Ուստի ես շատ ուրախ եմ, որ մենք սկսում ենք ճկուն աշխատանքային շաբաթի փորձարկումը: Մենք սերտորեն համագործակցում ենք մասնագիտական կազմակերպությունների հետ, և ես անհամբերությամբ սպասում եմ այս փորձին ականատես լինելու հնարավորությանը», – Կոպենհագենի քաղաքապետ Սոֆի Հեստորպ Անդերսենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Նրանք, ում հնարավորություն կտրվի փորձարկել նոր աշխատանքային շաբաթը, պետք է օգտագործեն աշխատանքի կազմակերպման տարբեր մոդելներ։ Օրինակ՝ աշխատանքային օրերի կրճատման դեպքում ավելացնել աշխատանքի տևողությունը կամ ֆիքսված ազատ օրերի դեպքում պահպանել աշխատանքային ժամերի նախկին քանակը։
Փորձարկումն անցկացնելու աշխատատեղերը շատ տարբեր են՝ քաղաքացիների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից մինչև վարչական աշխատողներ: