Ընտրություններին լայնածավալ մասնակցությամբ Իրանի ժողովուրդը «մեծ ոչ» է ասել իմպերիալիստական անմարդկային համակարգին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը խորհրդարանի և Առաջնորդության բանիմացների ընտրություններին ժողովրդի լայնածավալ մասնակցությունն անվանել է Իրանի ժողովրդի «մեծ ոչ»-ը իմպերիալիստական անմարդկային համակարգին։
Իսլամական խորհրդարանի 12-րդ գումարման և Առաջնորդության Բանիմացների խորհրդի 6-րդ գումարման ընտրությունները կայացել են երեկ՝ ուրբաթ (մարտի 1-ին), Իրանի ժողովրդի տարբեր խավերի խուռներամ մասնակցությամբ։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին շաբաթ օրը իր ուղերձում, բարձր գնահատելով Իրանի ժողովրդի գիտակցված մասնակցությունը ընտրություններին, ասել է. «Ձեզ պես խոհեմ և պահը ճիշտ գնահատող մարդկանց՝ հավատքով ու հույսով լի ներկայությունը «մեծ ոչ» էր իմպերիալիստական անմարդկային համակարգին և չեզոքացնում է նրանց կողմից ծախսված միլիարդավոր դոլարները այս խարդախ սցենարի նախագծման ու իրականացման համար»։
Ռայիսին հավելել է, որ Իսլամական խորհրդարանի և Առաջնորդության Բանիմացների խորհրդի ընտրություններին Իրանի ժողովրդի գիտակցված ու ժամանակին մասնակցությունը առավել քան երբևէ բարձրացրել է Իսլամական Իրանի պատիվն ու հպարտությունը և այս երկրի թշնամիների հուսահատության ու հիասթափության պատճառ է դարձել:
ParsToday