Արտահերթ ընտրության պատրաստվո՞ղ, թե՞ իսկապես հեռացող Մարուքյանի հայտարարագիրը

2020 թվականի նոյեմբերի 12-ին Փաշինյանին կապիտուլյացիայի հայտարարություն ստորագրած անձ համարող, իսկ արդեն 2022 թվականին այդ նույն անձից հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ստացած Էդմոն Մարուքյանն օրերս հայտարարեց իր հրաժարականի մասին։

Մարուքյանը պաշտոնից հեռանալու պատճառ է ներկայացրել արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ իր և Փաշինյանի տեսլականների միջև տարբերությունները։

Իսկապե՞ս արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ տարաձայնություններն են Մարուքյանի այդ քայլի պատճառը, թե՞ ուղղակի պատրաստվում է արտահերթ ընտրությունների՝ նախապես պլանավորված Փաշինյանին ընդդիմադիրի դերակատարմամբ: Սա, իհարկե, պարզ կդառնա ավելի ուշ, իսկ մինչ այդ ներկայացնենք Հատուկ հանձնարարություններով արդեն նախկին դեսպանի հայտարարագրերը։

Եվ այսպես, 2022 թվականի ապրիլին Էդմոն Մարուքյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել, որպես հատուկ հանձնարարություններով դեսպան՝ իր առաջին հայտարարագիրը, որտեղ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 2 բնակարան՝ ստացել է որպես նվիրատվություն, 1 ավտոտնակ՝ դարձյալ նվիրատվություն, և 1 բնակարան՝ Լոռու մարզում։

Կարդացեք նաև

Հայտարարագրել է նաև մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային միջոց՝ TOYOTA՝ գնված 2018 թվականին։

Մարուքյանը բանկային հաշիվներում ունեցել է 1300 ԱՄՆ դոլար, 1075 եվրո, 5 միլիոն 600 հազար դրամ։

Որպես կանխիկ դրամ՝ հայտարարագրել է 3500 դոլար։

Մեկ տարի անց՝ 2023 թվականի մայիսին, որպես Հատուկ հանձնարարություններով դեսպան՝ Մարուքյանը ներկայացրել է իր 2-րդ հայտարարագիրը, որտեղ նախկինում ունեցած 3 բնակարանին և 1 ավտոտնակին ավելացել է ևս մեկ անշարժ գույք՝ գնված հիպոթեքով. ունի վարկ՝ 20 միլիոն դրամի չափով։

Բանկային տարբեր հաշիվներում ունեցել է 285 եվրո, 3 միլիոն 595 հազար դրամ, 9 միլիոն 958 հազար դրամ, 1075 եվրո և 1380 դոլար։

Էդմոն Մարուքյանն արտաքին գործերի նախարարությունից ստացել է 6 միլիոն 344 հազար դրամ աշխատավարձ և Պետական եկամուտների կոմիտեից եկամտահարկի վերադարձ՝ 1 միլիոն 779 հազար դրամ։

Նշենք, որ Yerkir.am-ը ՀՀ ԱԳՆ հարցում է ուղարկել՝ հետաքրքրվելով Էդմոն Մարուքյանի աշխատավարձի չափի մասին։

ԱԳՆ-ից պատասխանել են, որ դեսպանը 2 տարվա ընթացքում պետական բյուջեից ստացել է շուրջ 21 մլն դրամ աշխատավարձ (աշխատավարձի գործակիցը կազմել է 10,50):

Տեսանյութեր

Լրահոս