Վրաստանը դեռևս «կիսաազատ» երկիր է

Վրաստանը շարունակում է «կիսաազատ» երկիր մնալ, նշվում է Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության զեկույցում: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Միջազգային կազմակերպությունը 100 միավորից երկրին տվել է 58 միավոր։ Փաստաթղթի այն հատվածում, որը վերաբերում է եվրասիական տարածաշրջանին, խոսվում է, այսպես կոչված՝ ռուսական օրենքի մասին, որը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում էր ընդունել 2023 թվականի մարտին, սակայն քաղաքացիների բողոքի պատճառով իշխող կուսակցությունը ստիպված է եղավ հետ կանչել օրենքը։

Զեկույցում ասվում է, որ, այսպես կոչված՝ գործակալների մասին օրենքի ընդունումը զգալիորեն կխաթարեր միավորվելու և արտահայտվելու ազատությունը։ Հիմնվելով 2023 թվականին տեղի ունեցած իրադարձությունների վրա՝ միջազգային կազմակերպությունը 40 միավորից Վրաստանին շնորհել է 22 միավոր՝ քաղաքական իրավունքների ազատության, իսկ 60-ից 36-ը՝ քաղաքացիական իրավունքների ազատության առումով։

Հրապարակված փաստաթղթում նշվում է նաև, որ չնայած «ռուսական օրենքի» չեղյալ հայտարարմանը, իշխող կուսակցության պատգամավորները հայտարարել են օրենսդրությունը հնարավոր վերաներկայացնելու մասին։

«Տարածաշրջանի ռեպրեսիվ կառավարությունները հետևել են Մոսկվայի օրինակին՝ նախաձեռնելով կամ ընդունելով օրենքներ, որոնք անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին անվանում էին «օտարերկրյա գործակալներ»: Սակայն ցույցերից հետո իշխող կուսակցության օրենսդիրներն ասացին, որ օրենսդրությունը կարող է վերականգնվել հանրային քննարկումներից հետո»,- նշված է զեկույցում:

Միջազգային կազմակերպության զեկույցը վերաբերում է եվրասիական տարածաշրջանին, մինչդեռ Վրաստանի վերաբերյալ զեկույցը դեռ հրապարակված չէ։

Տարածաշրջանում ամենաբարձր միավորներն ունեն Մոլդովան (61), Վրաստանը (58), Հայաստանը (54):

Տեսանյութեր

Լրահոս