Արևմուտքը Փաշինյանին կզոհաբերի Պուտինի ոտքերի առաջ. Սուրենյանց
Փետրվարի 28-ին Եվրախորհրդարանը երկու զեկույց է ընդունել արտաքին քաղաքականության, ԵՄ անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ՝ ԵՄ-ին կոչ անելով՝
Անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Պատրաստ լինել թիրախավորված և անհատական պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում:
Ամրապնդել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, ավելացնել դրա չափը, երկարացնել դրա ժամկետը և դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանին։ Կասեցնել Ադրբեջանի հետ նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վստահեցրեց՝ այս երկու զեկույցներով կամ առանց դրանց, միևնույն է՝ Ադրեջանի դեմ որևէ կոնկրետ պատժամիջոցի Եվրամիությունը չի գնա՝ հատուկ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ այս բանաձևերն ընդունել է այն Եվրախորհրդարանը, որն այս տարվա հունիսին ցրվելու է, քանի որ նոր ընտրություններ պետք է լինեն։
«Հետևաբար, այս զեկույցներն ինձ համար 9-րդ դասարանի շարադրություն են, որի 90 տոկոսն իրականություն չի՛ դառնալու։
Հիշեք, որ Ադրբեջանի հետ նստում լուրջ համաձայնագրեր են կնքում Արևմուտքի կառավարությունները, հայերի ականջների համար ականջահաճո հայտարարությունները թողնում են խորհրդարաններին, որոնք քաղաքականություն իրագործողները չեն»,- ասաց Սուրենյանցը։
Այս զեկույցի միակ կարևոր կետը Թուրքիայի հետ սահմանին ԵՄ դիտորդների տեղակայման պահանջն է։
«Իրենք պատրաստում են ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերմանը։ Փաշինյանը նման խոստում է տվել, հիմա այդ հարցին պետք է հասնի Արևմուտքի միջոցով, ինչը չի ստանում, կամ գնալու է Էրդողանից երաշխիք ուզելու, որ ռուս սահմանապահներին սահմանից եթե հեռացնի, Թուրքիան չի հարձակվի։ Իհարկե, կարող է Էրդողանը 2 տարի չհարձակվի, բայց պարզ է, թե հետո ինչ կանի։ Հայաստանի զորակոչի ենթակա ռեսուրսը չի բավականացնում անգամ հայ-ադրբեջանական սահմանին, ուստի, եթե հանում է ոուս զինծառայողներին, ապա գնալու է լիզելու Էրդողանի կոշիկները»,- ասաց Սուրենյանցը՝ ընդգծելով, որ այս իշխանությունների վարած արտաքին քաղաքականության փոփոխության ցանկացած փորձ Հայաստանը կանգնեցնելու է կոլապսի առաջ։
«Իսկ Արևմուտքն առաջին իսկ հնարավորության դեպքում Փաշինյանին զոհաբերելու է Պուտինի ոտքերի առաջ, ինչպես դա արեց Սահակաշվիլու, Զելենսկու հետ, իսկ Նավալնու պարագայում հիմա զբաղված են քաղաքական դիակապտությամբ»,- ասաց Սուրենյանցը։
Մանրամասները՝ տեսանյութում։