Լիահույս ենք՝ աշխարհը կզբաղվի ամիսներ առաջ տեղի ունեցած էթնիկ զտման իրողության իրական դատապարտմամբ. համահայկական միության հայտարարությունը
Ադրբեջանցիները չափազանց հմուտ են երևակայելու և երևակայվածի թվական հաշվարկներ իրականացնելու գործում, հատկապես, երբ հարցը վերաբերում է Հայաստանին մեղադրելուն: Այս մասին նշված է Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հայտարարության մեջ:
«Վերջին օրերին ադրբեջանական հանրությանը կրկին համակել է իրականության խեղման և հեռահար նպատակների համար կյանքի կոչված մի նախագծի շուրջ պետականահեն հիստերիան, ասել է, թե «Խոջալուի ցեղասպանությունը»:
Ցաղասպանություն անվան տակ փաթեթավորված կեղծիքների այս խումբը տարիներ շարունակ ծառայել է մի շարք նպատակների՝ հակակշռել Հայոց ցեղասպանության գաղափարին ընդհանրապես, սեփական հանրության ներսում ձևավորել զոհի և ցեղասպանվածի կերպար, որի շուրջ պետք է իրականացվեր հանրության համախմբումը ընդդեմ թվացյալ հանցագործի՝ հայի և հայկականության: Բազմաթիվ խողովակներով հանրահռչակված այս թեական իրողությունները, ոչ թե «Երկրորդ աշխարհամարտից հետո ամենամեծ կոտորածն էր», ինչպես սիրում են կրկնել ադրբեջանցիներն, այլև «Երկրորդ աշխարհամարտից հետո ամենամեծ կեղծիքը՝ կոտորածի մասին», ինչը ոչ պակաս հանցագործություն է:
Հայաստանին չապացուցված հանցանքների մեջ մեղադրելուց առաջ կարող են արդյոք պատասխանել այն հարցին, թե ինչու էին ադրբեջանական զինված ուժերը փորձում մխրճվել իրենց անզեն հայրենակիցների շարքերը, երբ վերջիններս հայկական ուժերի բացած մարդասիրական միջանցքով շարժվում էին դեպի Ակնա (Աղդամ), ադրբեջանցիները կարող են արդյոք պատասխանել այն հարցին, որ եթե հայերն իսկապես ցանկանում էին կոտորել Իվանյանի բնակչությանը, ինչու դա չարեցին հենց բնակավայրի ներսում, այլ Ակնայի մոտ: Վերջին փաստն արդյոք երկմտության տեղիք չի տալիս, եթե հաշվի առնենք, որ Ակնան ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ էր: Արյդոք կոտորած իրականացնել ցանկացող հայը կկերակրեր անտերության մատնված ադրբեջանցի երեխային և արդյոք զինված ուժերի երկխոսության միջոցով՝ կփոխանցեր վերջինիս ծնողներին: Խորհուրդ ենք տալիս Ադրբեջանին հարցնել, օրինակ, թուրք-մեսխեթցի ականատեսներին, թե ինչպես են քաղաքացիական բնակչությանը վերաբերում հայերը:
Օտարազգի լրագրողների վկայություններն աներկբայորեն մեկ բանի մասին են խոսում. հակաիշխանական և հակահայկական քարոզչության միջոցով երկու խնդիր լուծել. հեռացնել օրվա իշխանություններին, մեղադրել Հայաստանին:
Այս իրադարձությունները Հայաստանի կողմից իրականացված ցեղասպանության անվան տակ ներկայացնելիս ադրբեջանցիներն արդյոք չեն վերհիշում այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի խոստովանությունն այն մասին, որ դրանք կազմակերպված էին իր ընդդիմության կողմից՝ հեղաշրջմամբ իշխանությունը զավթելու նպատակով:
Ադրբեջանցիները չափազանց հմուտ են երևակայելու և երևակայվածի թվական հաշվարկներ իրականացնելու գործում, մանավանդ երբ հարցը վերաբերում է Հայաստանին մեղադրելուն: Մինչ օրս պարզ չէ, թե իրականում որքան հայ է կոտորածի ենթարկվել Սումգայիթում 1988 թ., Բաքվում՝ 1990 թ., Մարաղայում՝ 1992 թ., պաշտոնական տվյալները չապացուցված ենթադրություններ են միայն, երբ իրական կորուստները կորսվել են կոծկված հանցագործությունների կամ չվերահսկված սպանդի իրողություններում, մինչդեռ Ադրբեջանը կարողացել է այլընտրանքային իրողություններ ստեղծել և մատուցել աշխարհին՝ հայերին մեղսագրելով հրեշավոր արարքներ»,- ասված է հայտարարության մեջ:
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը, ներկայացնելով ադրբեջանական իշխանությունների կողմից ջարդերի, կոտորածների ենթարկվածների, բռնագաղթեցվածների, հայրենազրկվածների իրավունքները, դատապարտում է հակահայկական հերթական հիստերիան, որը հրահրված է կառուցողականությունից շարունակաբար հեռացող ադրբեջանական իշխանական վերնախավի կողմից:
«Մենք լիահույս ենք, որ բոլոր այս զազրախոսությունները մի օր հօդս կցնդեն և աշխարհը երևակայված ցեղասպանությունների մասին լսելու փոխարեն կզբաղվի ընդամենը ամիսներ առաջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցած էթնիկ զտման իրողության իրական դատապարտմամբ և տուժածների իրավունքների վերականգնման առաջնակարգ աշխատանքով»,- ընդգծված է հայտարարության մեջ: