Փաշինյանի հետ զրուցել եմ, երկուսիս կարծիքը համընկել է՝ բարեկամս անմեղ է. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց՝ հավատում է, որ իր եղբոր կինն անմեղ է։
«Հավատում եմ, որ իմ բարեկամին վերագրվող արարքն ապացուցվելու է, որ որևէ ձևով հիմնավորված չէ։ Բայց միևնույն ժամանակ ես նպատակ չունեմ որևէ ձևով խառնվել իրավական գործընթացին, դրանով է պայմանավորված իմ լռությունը։ Ես ասել եմ, որ հավատում եմ իմ բարեկամի անմեղությանը, չեմ ուզում որևէ ձևով խառնվել իրավական գործընթացին»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Ըստ նրա՝ հիմնավո՞ր է այդ ամենը, թե՞ ոչ, որոշում է դատարանը, այլ ոչ թե ինքը, քննչական մարմինը կամ որևէ այլ մարմին, գոյություն ունի դատարան։
«Դատարանի գործունեությունից միշտ չէ, որ բոլորս գոհ ենք, կապրենք՝ կտեսնենք։ Հավատում եմ, որ ժամանակը կգա, և իրավական համակարգն ու այն գործընթացները, որոնք օրենքով նախատեսված են, այդ հարցի պատասխանը կտան»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։
Լրագրողի հարցին՝ այս ամենն իր դեմ ուղղված քայլ որակո՞ւմ է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ ոչ։
«Գրում էին, որ ինչ-որ վարչապետի հետ խնդիր կա։ Խնդրում եմ, մշտապես հիշեք, որ նման բան իմ և վարչապետի միջև չի կարող լինել, մեր հարաբերությունները չեն կարող ներխուժել իրավական գործընթացի մեջ։ Այո, այս թեմայի շուրջ Նիկոլ Փաշինյանի հետ զրուցել եմ»,- նշեց նա։
Թե ինչ է ասել թեմայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ երկուսով են զրուցել, բայց երկուսի կարծիքն էլ համընկնում է:
Լրագրողի դիտարկմանը՝ մամուլը գրում էր, որ այս քրեական գործով Նիկոլ Փաշինյանը ցանկացել է Ալեն Սիմոնյանին զսպել, քանի որ վերջինս դուրս էր գալիս ՔՊ-ի գծած շրջանակներից, Ալեն Սիմոնյանը հակադարձեց՝ այդ մամուլի գրածը և իրականությունը չի համընկնում, շեշտելով, որ այս մասին միայն մեկ լրատվամիջոց է գրել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում