
Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ բանտի 7 աշխատակիցների նկատմամբ՝ Նավալնիի մահվան պատճառով

Ավստրալիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դաշնային քրեակատարողական ծառայության մի քանի աշխատակիցների նկատմամբ՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Նշվում է, որ երկրի արտգործնախարարության տարածած հայտարարության համաձայն՝ «հասցեական ֆինանսական սահմանափակումներ և Ավստրալիա մուտքի արգելք են սահմանվում (Վլադիմիրի մարզի թիվ 6) ուղղիչ գաղութի վեց աշխատակիցների» և Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության նախկին փոխտնօրեն, ներքին ծառայության գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Գիրիչևի նկատմամբ։
Ավստրալիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ պատժամիջոցների ցուցակում են ընդգրկվել թիվ 6 քրեակատարողական գաղութի ղեկավարն ու նրա տեղակալները։
Փետրվարի 16-ին Դաշնային քրեակատարողական ծառայության Յամալ Նենեցյան ինքնավար շրջանի վարչությունը հայտնել էր գաղութում Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին։ Գերատեսչության տվյալներով՝ Նավալնին զբոսանքից հետո իրեն վատ է զգացել ու կորցրել գիտակցությունը, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը փետրվարի 24-ին X սոցիալական հարթակում հայտնել էր, որ նրա մարմինն արդեն հանձնել են մորը՝ Լյուդմիլա Նավալնայային: