
Բելառուսում խորհրդարանական ընտրություններ են ընթանում

Բելառուսում փետրվարի 25-ն ութերորդ գումարման Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի և քսանիններորդ գումարման տեղական խորհուրդների պատգամավորների ընտրությունների միասնական քվեարկության օրն է։
Հունվարի 30-ին ավարտվել է պատգամավորների թեկնածուների գրանցումը, իսկ քարոզարշավը տևել է հունվարի 31-ից փետրվարի 24-ը։
Բելառուսում, ընդհանուր առմամբ, բացվել է 5411 ընտրական տեղամաս:
Ըստ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, ընտրական գործընթացին ընդգրկված է 45 հազար 505 ազգային, ինչպես նաև 294 միջազգային դիտորդ։
Պատգամավորների ընտրությունների միասնական քվեարկությանը հետևում են ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի դիտորդական առաքելությունները, ՀԱՊԿ-ի, Բելառուսի և Ռուսաստանի միության խորհրդարանական վեհաժողովների ներկայացուցիչներ, օտարերկրյա ընտրական մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ, փորձագետներ եվրոպական երկրներից, այդ թվում՝ Իտալիայից, Գերմանիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Սերբիայից, Բուլղարիայից։