Այն, ինչ անում է Իսրայելը Գազայում, ցեղասպանություն է. Բրազիլիայի նախագահը կրկնել է իր հայտարարությունը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում կրկին որակել է «ցեղասպանություն» և կոչ արել ստեղծել «ազատ և ինքնիշխան Պաղեստին պետություն»՝ չնայած նախորդ նմանատիպ հայտարարությունից հետո իր հասցեին հրեական պետության քննադատությանը:

«Թող այս պաղեստինյան պետությունը ներդաշնակ ապրի Իսրայելի պետության հետ: Այն, ինչ անում է Իսրայելի կառավարությունը, պատերազմ չէ, դա ցեղասպանություն է», – գրել է պետության ղեկավարը X-ի իր էջում:

Փետրվարի 19-ին Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Բրազիլիայի նախագահին «պերսոնա նոն գրատա» է- հայտարարել, քանի դեռ նա ներողություն չի խնդրել և չի հրաժարվել Իսրայելը Հիտլերյան Գերմանիայի հետ համեմատելուց։

«Մենք չենք մոռանա և չենք ների. սա լուրջ հակասեմական հարձակում է։ Իմ և Իսրայելի քաղաքացիների անունից նախագահ Լուլային փոխանցեք, որ նա «պերսոնա նոն գրատա» է Իսրայելում, քանի դեռ հետ չի վերցրել իր խոսքերը», – ասել էր Կացը:

Ավելի վաղ Բրազիլիայի նախագահն ասել էր, որ «այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում և պաղեստինցի ժողովրդի նկատմամբ, պատմության որևէ այլ փուլում տեղի չի ունեցել»։

«Իրականում դա տեղի ունեցավ, երբ Հիտլերը որոշեց սպանել հրեաներին: Այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում, պատերազմ չէ, դա ցեղասպանություն է. Դա զինվորների պատերազմ չէ զինվորների դեմ: Դա պատերազմ է բարձր պատրաստվածության բանակի և կանանց ու երեխաների միջև», – ասել է Բրազիլիայի նախագահը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դա Սիլվայի խոսքերը որակել է որպես «ամոթալի և տագնապալի» և «Հոլոքոստի նսեմացում»:

Տեսանյութեր

Լրահոս