Վե՛ր կացեք, գահընկե՛ց արեք. սա ապազգային իշխանություն է. Դավիթ Անանյան
Հայաստանը գլորվում է դեպի անդունդ, իսկ այդ վիճակում գտնվող երկրում արտագնա աշխատանքի մեկնողների կողմից հարկ վճարել-չվճարելու հարցի քննարկումն ինձ համար ուղղակի անհեթեթ է։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Դավիթ Անանյանը՝ ընդգծելով.
«Կարծում եմ ՝ օրերս տեղի ունեցած այդ ակցիան հետևանքն է նրա, որ մարդկանց համբերության բաժակն ուղղակի լցվել է. դա բողոք էր՝ ուղղված ավելի շատ սեփական երկրի դեմ, պարզապես արտահայտվեց հարկ վճարել-չվճարելու խնդրի պարագայում։ Միևնույն ժամանակ, ես այդ ակցիայի մասնակիցներից լսեցի հարցադրումներ, որոնք ինձ համար անընդունելի են։ Օրինակ՝ ասում են՝ «Ի՞նչ է արել պետությունն ինձ համար, որ հարկ վճարեմ», սա նույնն է, որ ասես՝ «Ի՞նչ է արել զառամյալ ծնողս ինձ համար, որ հիմա իրեն պահեմ»։ Սա պետության նկատմամբ անվստահության հետևանք է»։
Հարցին՝ արդյո՞ք արդարացված չեն քաղաքացիների մտահոգություններն ու հարցադրումները, թե ինչ է արել պետությունն իրենց համար, չէ՞ որ նույն Գեղարքունիքի հայկական դիրքերն արդեն մի քանի տարի է օկուպացված են ադրբեջանական զորքերի կողմից, իսկ հայկական պետությունն այդ խնդիրը չի լուծում, Դավիթ Անանյանը շեշտեց՝ այն, որ Հայաստանի այս իշխանությունը տապալվել է բոլոր ոլորտներում, առավելապես պետության անվտանգությունն ապահովելու հարցում, դա քննարկման ենթակա չէ։
«Բայց դա ի՞նչ կապ ունի հարկ վճարել-չվճարելու հետ. ձախողե՞լ է. վե՛ր կացեք, եկե՛ք գահընկեց արեք։ Ուզում եք թողնեք-գնաք, գնացե՛ք, առանց այն էլ բոլորը մտածում են գնալու և իրենց բիզնեսները տեղափոխելու մասին, բոլորը տեսնում են, որ այս պետությունն անդունդ է գլորվում, փախչում են։ Դե՛, փախեք»,- ասաց Անանյանը։
Ըստ նրա՝ համընդհանուր ճնշվածության ու համընդհանուր լարվածության մեջ մարդիկ, ինչպես ճշգրիտ նկարագրել էր Միքայել սրբազանը, հեռադիտակով նայում են, թե ի՞նչ է տեղի ունենում, և նման պայմաններում հարկ վճարելու կամ չվճարելու հարցն անընդունելի է։
«Ստացվում է՝ քանի դեռ մարդու գրպանին չես կպել, ձայն չի հանում, ոչինչ, որ այն 120 հազարը տեղահանվեց մի տարածքից, որտեղ բնիկ էր ու ապրել էր 4000 տարի։ Այս համատեքստում է, որ այս հարկեր, խոպանչիներ թեման ինձ համար դառնում է հիմար թեմա»,- ասաց Դավիթ Անանյանը՝ շեշտելով.
«Ձախողել է, վե՛ր կացեք, եկեք գահընկե՛ց արեք»,- ասաց Անանյանը՝ կոչ անելով շանտաժի լեզվով իշխանության հետ խոսելու, բարձր եկամուտներով աշխատավարձ ունենալով հանդերձ՝ Հայաստանից արտագաղթելու փոխարեն՝ պարտադրել իշխանափոխություն և Հայաստանն ազատել ապազգային իշխանությունից։
«Մենք ունենք ապազգային իշխանություն, շշմած նայում ենք, թե ինչպես են իրենց դրսևորում՝ որպես դրածո մարզպան»,- խոսքը եզրափակեց Դավիթ Անանյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում