ՀԱՊԿ-ը լքելու ՀՀ որոշումը ռեգիոնալ նշանակության հարց է, Իրանի հարևանությամբ անվտանգության համակարգ է փոխվում, ինչը չի գոհացնելու Իրանին․ Լուկիանով
«Հայաստանը դեռ հայտարարում է ՀԱՊԿ անդամակցության սառեցման մասին, սակայն փաստորեն այն սառեցված չէ»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ-ն սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին։
Նա նշեց, որ ՀՀ-ն, տևական ժամանակ է, ինչ դժգոհություններ ունի ՀԱՊԿ-ից, և հայտարարվում էր, թե շփումներ կլինեն, հարցերի լուծումներ կդիտարկվեն։
«Իհարկե, այն, ինչ հայտարարվում է, անհանգստացնող է և՛ Ռուսաստանի, և՛ ՀԱՊԿ-ի համար, ու սա պետք է քննարկվի կազմակերպության մակարդակում։ Բազմաթիվ հայտարարություններ կարող են լինել, սակայն դրա վերաբերյալ գործընթաց չնախաձեռնվի, իսկ իրականում ամենակարևորը քայլերն են։ Շատ հարցեր կան՝ քննարկվե՞լ է արդյոք այս հարցը Ռուսաստանի հետ, ի՞նչ պատասխաններ են տրվել, եթե չի քննարկվել, ինչպե՞ս է նման բան հայտարարվում։
Կարծում եմ՝ մի փոքր վաղ է ամբողջական պատկերի մասին դատողություններ անելու համար, քանի որ պետք է երկկողմ և բազմակողմ շփումներ կազմակերպվեն այս հարցի շուրջ։ Բազմաթիվ ենթադրություններ ու դատողություններ կարող ենք անել, թե ինչո՞ւ է այս մասին հայտարարվում, և չկա գործընթաց, ուստի ճիշտ կլինի սպասել հստակ պատասխանների»,- ասաց նա։
Լուկիանովի կարծիքով, սա ռեգիոնալ նշանակության հարց է, այն վերաբերում է ինչպես Ռուսաստանին, գործընկերներին, այնպես էլ՝ Իրանին, քանի որ Իրանի հարևանությամբ անվտանգության համակարգ է փոխվում, և սա բնավ չի գոհացնելու Իրանին։
Հիշեցնենք, որ Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France 24-ին, որում նշել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է։
Նա ընդգծել է նաև, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի պահպանման հարցը ներկայումս չի քննարկվում։ Այսինքն՝ քննարկվում է ռազմակայանը ՀՀ-ից դուրս բերելու հարցը։ Ավելի վաղ, 2023 թվականի հոկտեմբերի 25-ին, The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հնարավորությանը, նշել էր, որ Հայաստանը ներկայումս նման հարց չի քննարկում, սակայն միևնույն ժամանակ դժգոհել էր ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի գործունեությունից։
«Մենք նման հարց չենք քննարկում։ Կարծում եմ՝ սա Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև աշխատանքային քննարկումների օրակարգում կլինի»։ Նա նաև ասել էր, թե այս պահին Հայաստանում ռուսական ռшզմաբազաների ներկայության հարցում առավելություններ, ցավոք, չեն տեսել։