Խայտառակ դրվագ՝ Ներքին Հանդի միջադեպի շուրջ․ ԵՄ-ն ու ՀՀ իշխանությունները պատասխանատվությունը գցում են Ռուսաստանի վրա

Հայաստանն ու Եվրոպական միությունն օրերս Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած հայ-ադրբեջանական ողբերգական միջադեպի պատասխանատվությունը դնում են Ռուսաստանի Դաշնության վրա։ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նախօրեին Երևանում փորձեց պարզաբանել, թե ինչու ԵՄ քաղաքացիական դիտորդները չեն դիտարկել Ներքին Հանդը, որտեղ մեկ շաբաթ առաջ ադրբեջանական կողմի ագրեսիայի պատճառով սպանվեց 4 հայ զինվոր: «Ռուսական կողմին պետք է հարցնել, թե ինչու է մեր մուտքն արգելված եղել Ներքին Հանդ»,- հայտարարել է Ռիտերը:

Նա նկատել է, որ ի սկզբանե առաքելությունը չէր բացառում, որ Ներքին Հանդում կարող են խնդիրներ ծագել:

«Մենք Հայաստանում հյուրի կարգավիճակում ենք գտնվում։ Այդ հարցով պետք է Հայաստանը զբաղվի, որովհետև մենք չենք շփվում Հայաստանում տեղաբաշխված ռուս խաղաղապահ ուժերի հետ»,- ասել է ԵՄ առաքելության ղեկավարը:

Միևնույն ժամանակ այս միջադեպին անդրադարձավ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը՝ նշելով, թե ռուսական կողմը չկարողացավ կանխել Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած վերջին միջադեպը։

Կարդացեք նաև

«ԵՄ առաքելությունն այնտեղ մուտք չունի, մուտք ունի և ներկա է միայն Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանը չկարողացավ կասեցնել միջադեպը։ Այսինքն՝ վստահ եմ, որ իրականությունն այլ է։ ԵՄ առաքելությունը կայունացնող դեր է կատարում։ Մենք ամբողջովին աջակցում ենք նրանց գործունեությանը և շարունակելու ենք աջակցել»,- ասել է Գրիգորյանը՝ փորձելով արդարացնել ԵՄ առաքելությանը և մեղադրել ռուսական կողմին։

Նրա խոսքով ևս` ռուս զինծառայողները թույլ չեն տվել ԵՄ դիտորդներին մուտք գործել Ներքին Հանդի տեղամաս։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը նախօրեին աշխատանքային այցով Ֆրանսիայում էր, որի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս անդրադարձել է Ներքին Հանդի միջադեպին։

Նա մասնավորապես ասել է․ «Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի արդյունքում վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել են նաև Հայաստանի ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ։ Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի արդյունքում հայկական կողմը ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր»։

Ավելորդ է նույնիսկ նշել, որ Մակրոնը ներկայացնում է իրադարձությունների փաշինյանական սցենարը։

ՀՀ իշխանության վարկածի համաձայն, Ներքին Հանդում տեղի ունեցածի մեջ մեղավոր են բոլորը, պատասխանատու են բոլորը, բացի Ադրբեջանից։

Անկախ այն հանգամանքից՝ ճի՞շտ են արդյոք Արմեն Գրիգորյանը և Մարկուս Ռիտերը, ներկայացնելով Ներքին Հանդում տեղի ունեցած ողբերգության վերոնշյալ սցենարը, գործ ունենք իր բնույթով աննախադեպ, խայտառակ մի դրվագի հետ, որը, ինչպես իրադարձությունների նման մատուցման ճշմարտացիության դեպքում է խոսում ի վնաս իշխանության, այնպես էլ՝ հակառակ պարագայում։

Նախ սա, թերևս, ցույց է տալիս արդեն հրապարակային մի բան, որից հայաստանյան փորձագիտական, ընդդիմադիր շրջանակները խոսում են վերջին տարիների ընթացքում անընդհատ ռեժիմով, որ ՀՀ տարածքը դարձել է Արևմուտք-ՌԴ հաշիվներ մաքրելու, միմյանց մեղադրելու, միջադեպերի պատասխանատվությունն իրար վրա գցելու ազատ գոտի։ Սրա հետագա վտանգների մասին ևս շատ է խոսվել։

Նման զարգացումները ցույց են տալիս իշխանության թուլության կրիտիկական աստիճանը, ուստի, երբ Արմեն Գրիգորյանը հպարտությամբ հայտնում է, որ ՀՀ տարածքում, որի պատասխանատուն անձամբ ինքն է, այս իշխանությունը, ռուսները եվրոպացիներին թույլ չեն տվել ինչ-որ բան անել, ինչ-որ բան չեն կանխել, վատ չէր լինի հիշել, որ ՀՀ ողջ տարածքի պատասխանատուն ՀՀ իշխանություններն են։ Եթե ՀՀ տարածքից ինչ-որ պատառիկներ իշխանությունները հանձնել են Ռուսաստանին կամ արտոնել են կանխել, դադարեցնել սահմանային միջադեպեր, ապա թերևս տեղին կլինի Ռուսաստանին նման բանում մեղադրելը։ Սակայն հանրությունը ՀՀ տարածքում տեղակայված ռուսական որոշ ուժերի նման մանդատի մասին իրազեկված չէ։

Իսկ եթե չեն հանձնել, եթե նույնիսկ Արմեն Գրիգորյանը չի ստում, ապա ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ տարածքում ռուսները եվրոպացիներին թույլ չեն տալիս անել դիտորդություն, որի մանդատն ունեն։ Դա իր հերթին՝ ցույց է տալիս այն, ինչը ՀՀ-ում հայտնի է շատերին, որ իշխանությունները չեն տիրապետում իրավիճակին ՀՀ սահմաններին, և Ռուսաստանի Դաշնությունն անվերահսկելիորեն խոչընդոտում է ԵՄ դիտորդների աշխատանքը՝ այն ըստ էության խափանելով։ Սա էլ իր հերթին՝ ակնառու է դարձնում ինքնիշխանության դեֆիցիտը ՀՀ-ում։

Եվ պարադոքսալն այն է, որ այդ մասին ամենաբարձրը խոսում են հենց այս իշխանությունները, որոնց համար բնական է սեփական տարածքում տեղի ունեցածի պատասխանատվությունը դնել մեկ այլ երկրի ներկայացուցիչների վրա։ Անկախ նրանից՝ ինչ կհայտարարի ռուսական կողմը, սա խայտառակ դրվագ է ՀՀ իշխանությունների կողմից անթաքույց ուղերձով, որ ՀՀ տարածքում իրենք որևէ զարգացման, առավել ևս՝ աշխարհաքաղաքական կենտրոնների միջև, չեն տիրապետում, ավելին՝ այդ մասին հայտարարում են հպարտորեն։

Ինչ վերաբերում է եվրոպական կողմին, ապա ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն էլ իր հերթին հարկ է համարել հիշեցնել այս մեկ տարվա իրենց առաքելության ընթացքի ամենավառ միջադեպերից մեկը Տեղ գյուղում։

Հարկ է հիշեցնել, որ այս առաքելությունը երբեք որևէ միջադեպի, այդ թվում՝ անցյալ տարի Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած աղմկահարույց բախման ժամանակ տեղում կամ իրադարձությունների զարգացման գոտուն մոտ չի եղել և իրադարձություններին չի տվել հստակ հրապարակային նկարագիր։

Ուստի Ներքին Հանդում կանեին դիտորդություն ԵՄ-ականները, թե ոչ, թերևս էական էլ չէ։

Չէ՞ որ առաքելությունն իր պարեկության գրաֆիկը նախապես տրամադրում է ադրբեջանական կողմին, ուստի ադրբեջանական ԶՈՒ-ն, բնականաբար, փոխհրաձգություն չի հրահրելու սահմանի այն հատվածներում, որտեղ այդ պահին ԵՄ դիտորդներն են պարեկություն իրականացնում։

Այնուամենայնիվ, թերևս շատերի համար հասկանալի է՝ ինչու են պատասխանատվության սլաքներն ուղղվում Ռուսաստանին. Ռուսաստանին փորձում են մեղադրել ՀՀ ինքնիշխանությունը խախտելու, ՀՀ տարածքում ինչ-որ բաներ հրահրելու մեջ՝ հետագայում ռուսական ուժերը ՀՀ-ից դուրս բերելու և ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի վերջնական փոփոխությունն արձանագրելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս