Հայաստանն ու Ադրբեջանը նոր հանդիպումներ են պլանավորում ԱԳ նախարարների և փոխվարչապետերի մակարդակով

Հայաստանը և Ադրբեջանը պլանավորում են արտաքին գործերի նախարարների և փոխվարչապետերի մակարդակով նոր հանդիպումներ անցկացնել։

Այդ մասին ճեպազրույցում հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ խաղաղության պայմանագիրը հայկական կողմի համար մնում է առաջնահերթություն։

«Մյունխենում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանդիպումից հետո ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ արտգործնախարարների ու փոխվարչապետերի հանդիպման վերաբերյալ։ Հարցը քննարկվում է, թեև այս պահին հանդիպման օրվա և տեղի մասին դեռ հստակ տեղեկություն չկա»,- տեղեկացրեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է դիտարկել որպես կարևոր գործընթաց՝ ակնկալելով, որ երբեմն կարող է լինել առաջընթաց, երբեմն էլ հետընթաց, սակայն հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և այն հետևողականորեն առաջ է մղելու։

«Մոտ ապագայում արտգործնախարարների և փոխվարչապետերի հանդիպումները հնարավորություն կտան ընդհանուր առմամբ առաջ մղել խաղաղության օրակարգը»,- ասաց Գրիգորյանը։

Փետրվարի 17-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին Մյունխենում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ։ Հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հանդիպման ժամանակ պայմանավորվել են երկու երկրների ԱԳ նախարարների և փոխվարչապետերի մակարդակով նոր հանդիպումներ կազմակերպել։

Տեսանյութեր

Լրահոս