ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստել է հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակի նվազմանը. Մարկուս Ռիտեր
Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունն անցած մեկ տարվա ընթացքում իրականացրել է 1720 պարեկային շրջայց, որը նպաստել է սահմանամերձ շրջաններում խաղաղությանը և անվտանգությանը։
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյակին նվիրված միջոցառմանն այս մասին հայտարարեց առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն:
Նա հիշեցրեց, որ դիտորդական առաքելության առաջին ամիսների գործունեության ընթացքում հիմնադրվել են կենտրոնակայան Եղեգնաձորում և 6 առաջադիր հենակետ՝ սկսած Իջևանից, մինչև Կապան։
«Մինչև այսօր ԵՄ դիտորդական առաքելությունն անց է կացրել 1720 պարեկային շրջայց, որը նպաստել է խաղաղությանը և անվտանգությանը սահմանամերձ շրջաններում։
Ես ուզում եմ մեր խորին երախտագիտությունը հայտնել ԵՄ անդամ երկրներին՝ քաղաքական օժանդակության համար, ինչպես նաև Կանադային՝ փորձագետ գործուղելու համար։
Վերջերս ընդունած որոշումն՝ ամրացնել ԵՄ դիտորդական առաքելությունը և անձնակազմն ավելացնել մինչև 209-ը՝ վերահաստատում է ԵՄ դիտորդական առաքելության հաջողությունը և հաստատակամությունը՝ սատարելու կայունությանը և խաղաղությանը»,- ասաց Ռիտերը։
«Չնայած խրթին օպերատիվ իրավիճակին՝ առաքելությունը կայունացնող կարևոր դեր է խաղում սահմանամերձ շրջաններում՝ նպաստելով լարված իրավիճակի դեէսկալացիային և միջադեպերի քանակի նվազեցմանը»,- ընդգծեց Ռիտերը։
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ իր աներեր օժանդակության և կառուցողական ներգրավման համար։
«Կուզեի շեշտել իմ աշխատակազմի պրոֆեսիոնալ մակարդակը։ Թեև նրանք աշխատում են տներից և ընտանիքներից հեռու՝ նրանց նվիրումը մեծ նպաստ է բերել առաքելության հաջողությանը։
Հաշվի առնելով ներկայիս անորոշության համատեքստը՝ մենք շարունակում ենք մեր նվիրումը հայտնել մեր մանդատին՝ որպես անաչառ դերակատար՝ ի սատարումն Եվրամիության՝ այս տարածաշրջանում կարգավորման ջանքերին»,- եզրափակեց Ռիտերը։