Հյուսիսային Կորեայի հրթիռներում հայտնաբերվել են արևմտյան դետալներ. Conflict Armament Research
Ուկրաինայի Խարկով քաղաքում ընկած հյուսիսկորեական արտադրության հրթիռի բեկորներում հայտնաբերվել են 290 ոչ հյուսիսկորեական էլեկտրոնային բաղադրիչներ։ Այս դետալներից շատերը «կարելի է կապել» Միացյալ Նահանգների, Գերմանիայի և արևմտյան մյուս երկրների ընկերությունների հետ:
Այս մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Հակամարտություններում կիրառվող զենքի հետազոտությունների (Conflict Armament Research, CAR) բրիտանական ոչ կառավարական կենտրոնի զեկույցը:
Բրիտանացի վերլուծաբանները նաև նշում են, որ խնդրո առարկա բաղադրիչների զգալի մասը, մակնշման համաձայն, արտադրվել է վերջին երեք տարվա ընթացքում։ Սա նշանակում է, որ այդ հրթիռը կարող էր Ռուսաստան մատակարարված լինել 2022 թ. փետրվարին Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալումից հետո։
Մի կողմից` սա նշանակում է, որ Հյուսիսային Կորեան շարունակում է հաջողությամբ շրջանցել միջազգային պատժամիջոցները, որոնք արգելում են նրան բաղադրիչներ մատակարարել բալիստիկ հրթիռների համար, նշվում է CAR-ի զեկույցում։ Մյուս կողմից, ըստ զեկույցի, սա վկայում է այն մասին, թե որքանով է Հյուսիսային Կորեայի ռազմական արդյունաբերությունը կախված արտաքին մատակարարումներից։
Վերլուծաբանները հստակեցնում են, որ բաղադրիչները, որոնց մասին խոսվում է, հիմնականում հրթիռի նավիգացիոն համակարգի մաս էին կազմում: