Հնդկաստանում դժգոհ ֆերմերները վերսկսում են երթը դեպի Նյու Դելի
Հնդկաստանում բողոքի ակցիայի դուրս եկած հազարավոր ֆերմերներ ամբարձիչներով և էքսկավատորներով որոշել են շարժվել դեպի մայրաքաղաք Նյու Դելի, քանի որ գյուղմթերքի երաշխավորված գների շուրջ կառավարության հետ բանակցությունները տապալվել են։
Ֆերմերների շահերը ներկայացնող խմբերը մերժել են կառավարության առաջարկը՝ հինգ տարով պայմանագրեր կնքելու և եգիպտացորենի, բամբակի ու հատիկաընդեղեն բույսերի գների երաշխավորված աջակցության վերաբերյալ։
Ֆերմերները, որոնք հիմնականում հյուսիսային Փունջաբի նահանգից են, պահանջում են օրենքով ավելի բարձր նվազագույն գին սահմանել հացահատիկի համար։ Ըստ Reuters-ի՝ նրանք քվեարկողների ազդեցիկ խումբ են կազմում, որոնց վարչապետ Նարենդրա Մոդիին ձեռնտու չէ կորցնել մայիսին սպասվող ընտրությունների նախաշեմին։
Օրեր առաջ դեպի մայրաքաղաք երթ սկսած ֆերմերների առաջընթացն իրավապահները կանգնեցրել էին Փունջաբի և Հարյանայի նահանգների սահմանին արգելապատնեշներ տեղադրելով։
Հարյանայի նահանգի ոստիկանապետը հրահանգել է առգրավել ծանր տեխնիկան, որպեսզի ցուցարարները դրանք չօգտագործեն արգելապատնեշները ոչնչացնելու համար։ Ոստիկանությունը նաև խնդրել են նման տեխնիկայի տերերին այն վարձով չտալ ցուցարարներին։
Ըստ տեղի լրատվամիջոցների տարածած կադրերի՝ ֆերմերներից մի քանիսը հակագազի դիմակներով են, քանի որ վերջին օրերին իրավապահները նրանց ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել։
Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարը ֆերմերներին կոչ է արել խաղաղություն պահպանել և իրենց բողոքները լուծելու համար ապավինել կառավարության հետ բանակցություններին։