Պակիստանի երկու առաջատար կուսակցությունները կոալիցիա կազմելու շուրջ համաձայնություն են ձեռք բերել
Պակիստանի երկու խոշոր քաղաքական կուսակցությունները տասնօրյա ինտենսիվ բանակցություններից հետո փետրվարի 20-ին հայտարարել են, որ կոալիցիոն կառավարություն ստեղծելու վերաբերյալ պաշտոնական համաձայնություն են ձեռք բերել։ Այս
Կառավարություն կկազմեն Բհուտո Զարդարիի «Պակիստանի Ժողովրդական կուսակցությունը» (ՊԺԿ) և երեք անգամ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Նավազ Շարիֆի «Պակիստանի մուսուլմանական լիգա-Նավազ»-ը (ՊՄԼ-Ն)՝ վերջ դնելով փետրվարի 8-ի ընտրություններից հետո երկրում ստեղծված անորոշությանը։
Բհուտո Զարդարին Իսլամաբադում փետրվարի 20-ի ուշ երեկոյան կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ կոալիցիայի վարչապետի թեկնածուն լինելու է Նավազ Շարիֆի կրտսեր եղբայրը՝ նախկին վարչապետ Շեհբազ Շարիֆը։ Իսկ Բհուտո Զարդարիի հայրը՝ Ասիֆ Ալի Զարդարին, լինելու է դաշինքի թեկնածուն երկրի նախագահի պաշտոնում։
Կոալիցիայի մեջ մտնող ՊՄԼ-Ն կուսակցությունն ունի 79 մանդատ, ՊԺԿ-ն՝ 54, իսկ չորս ավելի փոքր կուսակցությունների մանդատների հետ միասին նրանք 264 տեղանոց խորհրդարանում կունենան մեծամասնություն։
Բհուտո Զարդարին հայտնել է, որ կուսակցությունները կփորձեն հնարավորինս արագ կառավարություն կազմել։
Ըստ երկրի սահմանադրության՝ խորհրդարանի նիստ պետք է հրավիրվի մինչև փետրվարի 29-ը, որից հետո պետք է տեղի ունենա քվեարկություն նոր վարչապետ ընտրելու համար։