Եկե՛ք հասունանանք, սթափվենք, չընտրենք նրան, ով հանձնում է երկիրը. Ալեքսանդր Մանասյան

«Ալմա Աթայի փաստաթուղթը պայմանագիր չէ, այլ պարզապես հռչակագիր»,- այս մասին այսօր՝ Ղարաբաղյան շարժման 36-ամյակի օրը, Ազատության հրապարակում «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը։

Նա նշեց, որ 1988 թվականին Ղարաբաղյան շարժման օրերին կանգնած էին Ազատության հրապարակում, որտեղ թևածում էր հույսի, հավատի, պայքարի ոգին։ Նրա խոսքով, այսօր նորից եկել է դրա օրը։

«Մենք նոր կետից ենք սկսելու և արցախցու համառությամբ, հաստատակամությամբ և խորը իմացությամբ խնդրի շարունակելու ենք մեր պայքարը»,- ասաց Մանասյանը։ Նա հարց ուղղեց՝ վերջերս ընտրել ենք մեկին, որը տվել է Արցախը, ճի՞շտ ենք վարվել։ «Մենք պետք է այդպես գնահատենք մեզ, մենք պետք է հստակ իմանանք, որ մենք դեռևս չունենք քաղաքական գիտակցության այն մակարդակը, որ պահանջում է մեզնից մեր խնդիրը։ Բայց մեզ անընդհատ շփոթեցնում են տարբեր մանիպուլյացիաներով»,- ասաց քաղաքագետը։

Նա նշեց, որ երբ խոսում են Ալմա Աթայի հռչակագրի մասին, պետք է իմանալ, որ դա ընդամենը հռչակագիր է, պայմանագիր չէ։

«Բայց այդտեղ խոսվում է, թե հռչակագիրը ստորագրողները ճանաչում են ստորագրողների տարածքային ամբողջականությունը նաև Ադրբեջանի։ Բայց Ադրբեջանը ի՞նչ տարածքներով է եկել Ալմա Աթա, պարզվում է, որ ոչ մի։ Շատերը չգիտեն, որ ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Խորհրդային Ադրբեջանը, այնպես էլ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունն ասպարեզում են հայտնվել առանց ինքնորոշման ակտի, առանց անկախության հանրաքվեի, ուղղակի հռչակել են իրենց, առանց սահմանների։ Տեսեք՝ ադրբեջանական հանրապետության անկախության սահմանադրական ակտում սահմաններ չեն գրել, չգրված սահմաններով եկել են Ալմա Աթա»,- նման շեշտադրում արեց Մանասյանը հանրահավաքի ժամանակ։

Քաղաքագետը նաև ուշադրություն հրավիրեց, որ ոչ մի փաստաթուղթ Ադրբեջանը չի ներկայացրել միջազգային հանրությանը կամ մեզ, որն իրավաբանորեն ուժ ունենա։ «Բայց արի ու տես, որ մենք հենց նրա փաստաթղթերն ենք դնում հիմքում։ Մեծագույն սխալը, որ մենք թույլ ենք տվել, դա իրավունքի դուրսմղումն է հակամարտության կարգավորման գործընթացից։ Բազմաթիվ սխալներ ենք արել»,- նկատեց նա։

Մանասյանն ասաց, որ հասարակ բաներ կան, որոնք գրված են փաստաթղթերում՝ սևով սպիտակի վրա։

«Բայց այսօր մենք հավաքվել ենք նոր մեկնարկի, նոր սկզբի, բայց պետք է քայլենք առաջ ավելի հասունացած, որպեսզի չընտրենք նրան, ով պետք է շարժմանը դեմ լինի, որպեսզի չընտրենք նրան, ով ուղղակի կհանձնի երկիրը։ «Եկեք մեր քայլերին նայենք քննադատորեն»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս