Իրանը հերքել է հութիներին զինելու մասին ԱՄՆ-ի մեղադրանքները
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին կտրականապես ժխտել է ԱՄՆ-ի մեղադրանքները, թե Թեհրանը զենք է ուղարկում Եմեն։
Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ղեկավարին հղած նամակում հերքել է ԱՄՆ-ի բողոքները՝ հայտարարելով, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ թիվ 2140 (2014) և 2216 (2015) բանաձևերին և չի իրականացրել դրանց հակասող որևէ գործողություն, ներառյալ՝ զենքի վաճառքը կամ փոխանցումը Եմենին։
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նամակում քննադատել է ԱՄՆ-ին Անվտանգության խորհրդին «կեղծ տեղեկատվություն տրամադրելու և Եմենում ու Կարմիր ծովում տիրող իրադրության առնչությամբ Իսլամական Հանրապետության հասցեին անհիմն մեղադրանքներ ներկայացնելու համար»։
Նրա խոսքով՝ Իրանը մեկ անգամ ևս խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական ագրեսիան և ուժի անօրինական կիրառումը Եմենում, որը կոպտորեն խախտում է Եմենի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը և Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը` լուրջ սպառնալիք ստեղծելով տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության համար։
Հութիները, որոնք ներկայում վերահսկում են Եմենի զգալի հատվածները, գնդակոծում են նավերը Կարմիր ծովում և Ադենի ծոցում՝ հայտարարելով, որ կդադարեցնեն հարվածները Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ավարտից հետո: Հունվարից ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցնում հութիների ռազմական օբյեկտներին։