
Ֆրանսիայի և Նիդեռլանդների ԱԳՆ-ները կանչել են Ռուսաստանի դեսպաններին` Նավալնիի մահվան կապակցությամբ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Փարիզում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովին՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։ Այդ մասին Բուենոս Այրեսում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։
«Այսօր ես խնդրեցի Ռուսաստանի դեսպանին կանչել Ֆրանսիայի ԱԳՆ», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ Նիդեռլանդների ԱԳՆ են կանչել այդ երկրում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Տարաբրինին։ Այդ մասին X-ում հայտնել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Հանկե Բրյուինս Սլոտը՝ նշելով, որ ՌԴ դեսպանին կանչել է Նավալնիի մահվան համար պարզաբանում խնդրելու։
«Մենք հաստատակամորեն Ռուսաստանին կոչ ենք անում հանձնել Նավալնիի մարմինը նրա ընտանիքին և հարազատներին», – գրել է նա:
Ալեքսեյ Նավալնին, որը 30 տարվա ազատազրկման էր դատապարտված, մահացել է փետրվարի 16-ին։
Ռուս ընդդիմադիր գործչի ընտանիքին հայտնել են, որ նրա մարմինն իրենց կփոխանցվի երկու շաբաթ հետո։