Բաժիններ՝

Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպը 2023-ի դեկտեմբերին չափավորվել է` հասնելով 9.5%-ի․ Համաշխարհային բանկ

Համաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի տնտեսության նախորդ տարվա դեկտեմբերի ցուցանիշները։

Համաշխարհային բանկն իր զեկույցում նշել է, որ Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպը 2023 թվականի դեկտեմբերին չափավորվել է` հասնելով 9.5 տոկոսի։ Թանկարժեք զարդերի արտադրության ու արտահանման ծավալները շարունակել են ռեկորդային աճի տեմպ գրանցել 2023 թվականի դեկտեմբերին։ Հունվարին գները նվազել են 0.9 տոկոսով: ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքը 2024 թվականի սկզբից համեմատաբար կայուն է եղել: Դեկտեմբերին պակասուրդը կազմել է 2023 թվականի ընդհանուր պակասուրդի երկու երրորդը, իսկ ֆինանսական հատվածի ցուցանիշները մնացել են կայուն։

«Դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների աճը նոյեմբերի 23.8 տոկոսից նվազեց մինչև 20 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված էր մշակող արդյունաբերության, ինչպես նաև էլեկտրականության ու էներգիայի արտադրության աճի դանդաղմամբ: Այդուամենայնիվ, մշակող արդյունաբերությունն աճել է 28 տոկոսվ, ինչը հիմնականում պայմանավորված է եղել ոսկու և թանկարժեք զարդերի արտադրության ծավալների 9.4 անգամ ավելացմամբ, որը շարունակել է աճել, և դրան նպաստել են ոլորտում կատարվող ներդրումներն ու հումքի ներմուծման շուկաների դիվերսիֆիկացումը: Շինարարության ոլորտի աճը դեկտեմբերին մնացել է կայուն` 11.5 տոկոս: Առևտուրը շարունակել է աճել արագ տեմպով` 36 տոկոս դեկտեմբերին, ինչը բարձր է նոյեմբերի 32 տոկոսից: Ծառայությունների ոլորտի աճը (չհաշված առևտուրը) բարձրացել է` նախորդ ամսվա 2.4 տոկոսից հասնելով 3.4 տոկոսի»,- նշված է Համաշխարհային բանկի զեկույցում։

Պահանջարկի առումով` մասնավոր սպառման աճին նպաստել է միջին աշխատավարձերի 12 տոկոսով իրական աճը, զբաղվածության բարելավումը և տարվա վերջին եռամսյակում տեղահանված բնակչությանը կառավարության կողմից տրամադրվող կանխիկ փոխանցումները: Զուտ դրամական փոխանցումները (ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային) 2023 թվականի դեկտեմբերին նվազել են 47.2 տոկոսով, սակայն 4 անգամ գերազանցել են 2024 թվականի հունվար ամսվա ցուցանիշը: Դրամական փոխանցումների ներհոսքերը կրճատվել են 19.4 տոկոսով, ինչը պայմանավորված է Ռուսաստանից ներհոսքերի 30 տոկոս կրճատմամբ: Մյուս կողմից, արտահոսքերն ավելացել են 9.6 տոկոսով, հիմնական ուղղություններն են Մոնակոն, Ռուսաստանը, ԱՄէ-ն ու ԱՄՆ-ն:

2024 թ. հունվարին գրանցվել է գների 0.9 տոկոս անկում, որը պայմանավորված է պարենի գների 5.8 տոկոս անկմամբ: ՀՀ կենտրոնական բանկը շարունակել է թուլացնել դրամավարկային պայմանները` 50 բազիսային կետով նվազեցնելով վերաֆինանսավորման դրույքաչափը (հասցնելով 8.75) տնօրենների խորհրդի հունվարի 30-ի նիստի ժամանակ:

Արտահանման աճը պահպանվել է բացառիկ բարձր մակարդակում` պայմանավորված ոսկու և թանկարժեք զարդերի բարձր արտահանման ծավալներով: Ապրանքների արտահանման ծավալները 2023 թվականի դեկտեմբերին աճել են 137 տոկոսով: Դա պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալների 11 տոկոս ավելացմամբ, որի մասնաբաժինն արտահանման ընդհանուր ծավալներում ավելացել է` 2022 թվականի դեկտեմբերի 17 տոկոսից հասնելով 73.2 տոկոսի` 2023 թվականի դեկտեմբերին: Կոշկեղենի, տեքստիլի, կաշվի և մորթու արտահանման ծավալներն ավելացել են, համապատասխանաբար, 183, 86 և 74 տոկոսով: Արաբական Միացյալ Էմիրությունները այժմ հանդիսանում է արտահանման առաջատար ուղղություն, և արտահանումները դեկտեմբերին ավելացել են 15 անգամ: Ներմուծման ծավալներն աճել են 34 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներով: 2023 թվականի հանրագումարային տվյալներով՝ արտահանման ու ներմուծման ծավալներն ավելացել են, համապատասխանաբար՝ 55 և 40 տոկոսով:

Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն՝ 2023 թվականի դեկտեմբերին գրանցվել է բյուջեի 126 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ, որը կազմում է 2023 թվականի ընդհանուր` 189 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդի երկու երրորդը: Հարկային եկամուտները 25.2 տոկոսով ավելացել են դեկտեմբերին, ինչը պայմանավորված է եղել բոլոր ուղղություններով ավելացմամբ: Շահութահարկն ու այլ հարկերն ավելացել են, համապատասխանաբար, 57 տոկոսով և 2.6 անգամ, ինչը պայմանավորված է եղել կենսունակ տնտեսական ակտիվությամբ: Գրանցված փոխանցումներն ավելացել են 254 տոկոսով` փոխհատուցելով անցած ամիսների թերի կատարողականը ծրագրային դրամաշնորհների առնչությամբ: Ծախսերն ավելացել են 29 տոկոսով` պայմանավորված կապիտալ ծախսերի ավելացմամբ (76 տոկոս)` հիմնականում պաշտպանական ոլորտին կատարվող հատկացումների ավելացման պատճառով: Ընթացիկ ծախսերի 16 տոկոս աճը պայմանավորված է եղել 35 տոկոս սոցիալական հատկացումների ավելացմամբ, որը տեղի է ունեցել տեղահանված անձանց կարիքների բավարարման նպատակով:

Համաշխարային բանկի գնահատմամբ՝ 2023 թվականին բյուջեում գրանցված ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով հանրագումարային պակասուրդն, ըստ ամենայնի, կաճի կառավարության կողմից ստանձնած՝ Լեռնային Ղարաբաղի ֆինանսական պարտավորությունների մասը ներառելուց հետո: Պակասուրդը գերֆինանսավորվել է ներքին աղբյուրներից, իսկ արտաքին ֆինանսավորման զուտ մարումը 223 միլիարդ ՀՀ դրամ է:

Ֆինանսական համակարգը դեկտեմբերին պահպանել է կայունությունը` եկամտաբերության ցուցանիշների աննշան շեղմամբ: Վարկերն ու ավանդներն աճել են, համապատասխանաբար, 1.9 և 1 տոկոսով, և երկուսն էլ հիմնականում պայմանավորված են եղել դրամով արտահայտված ֆինանսական միջոցներով: Կապիտալի համարժեքության գործակիցը չնչին նվազել է` դեկտեմբերին հասնելով 19.9 տոկոսի՝ նոյեմբերի 20.1 տոկոսից, մինչդեռ չաշխատող վարկերի գործակիցը ընդհանուր վարկերի համեմատ դեկտեմբերին հասել է 2.4 տոկոսի` նախորդ ամսվա 2.8 տոկոսի փոխարեն: Շահութաբերությունը ըստ ակտիվների, որը բանկային համակարգի շահութաբերության ցուցիչ է, նվազել է` նախորդ ամսվա 3.3 տոկոսից հասնելով 2.7 տոկոսի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս