Ներքին Հանդում մարդիկ խմում են գետի ջուրը, քանի որ Ադրբեջանը օկուպացրել է խմելու ջրի աղբյուրները. Արման Թաթոյան

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջին նկարում ջրամանի մեջ Ներքին Հանդի գետի ջուրն է, որ մարդիկ ստիպված խմում են, օգտագործում են խոհանոցի և այլ կենցաղային կարիքների համար, քանի որ գյուղի խմելու ջրի աղբյուրներն Ադրբեջանն օկուպացրել է 2022թ. սեպտեմբերի 13-ից սկսած:

2-րդ և 3-րդ նկարներում Ներքին Հանդի բնակիչներից մեկի տան սենյակի ապակին է, որ վնասվել է ադրբեջանական կրակոցից: Տունն ադրբեջանական դիրքից ուղիղ գծով 100 մետր էլ քիչ հեռավորության վրա է:

Այն պայմաններում, երբ կոնկրետ այս դեպքում Սյունիքի մարզի Կապամ համայնքի Ներքին Հանդ գյուղում մարդկանց անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է, տները, դպրոցը գտնվում են ադրբեջանական թիրախի ներքո, դրել-քննում ենք՝ արդյոք մեր զինվորականները «խախտել են ադրբեջանական զինվորների անդորրը»: Սա միայն ադրբեջանական ձեռնտու օրակարգ է:

Մենք չպետք է թույլ տանք, որ մոռացության մատնվի ու միջազգային հանրային օրակարգերից դուրս գան երկրի ու ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության շարունակվող հանցանքները»:

Տեսանյութեր

Լրահոս