ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 1890 ուսանող ՀՀ պետական բուհերում ուսման վարձի փոխհատուցում է ստանում

Ընթացիկ տարվա հունվարի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1897 ուսանող արդեն ներգրավված է ՀՀ պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում և հանդիսանում է ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման ծրագրի շահառու։

Այս մասին փետրվարի 16-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կրթության իրավունքի վերականգնման ուղղությամբ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված աջակցության երկու ծրագրերի ընթացքը։

«ՀՀ ԿԳՄՍ նախարարության տվյալներով ունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4640 սովորող, որից 2116-ը ԼՂ-ում սովորել են բարձրագույն, իսկ 2524-ը նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում»,-ներկայացրել է Հայոցյանը։

Կառավարության մյուս ծրագրով ուսման վարձի փոխհատուցում է նախատեսվում ՀՀ բուհերի ուսանող հանդիսացող ԼՂ այն քաղաքացիներին, ում ընտանիքի անդամները բռնի տեղահանվել են։ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվել է ՀՀ նախնական, միջին և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընդգրկված սովորողների ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կարգը։

Ծրագրի շրջանակում նախնական հայտերի հիմքով աջակցություն է ստանում 844 շահառու։

«Թվային տվյալները երկու ծրագրերի դեպքում դինամիկ են, քանի որ ունենք որոշակի հոսունություն։ Այդ պատճառով բուհերից ունենում ենք թարմացված տեղեկության հավաքագրման գործընթաց»,-եզրափակել է Հայոցյանը։

Տեսանյութեր

Լրահոս