Բաժիններ՝

ՀՀ-ից ՌԴ մեկնած «խոպանչիները» լուրջ խնդրի են բախվել. ՊԵԿ-ը նրանցից հարկեր է պահանջում

ՀՀ-ից ՌԴ մեկնած աշխատանքային միգրանտները այս տարվա հունվարից Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից նամակներ են ստանում, որ հարկային պարտավորություններ ունեն և պետք է տույժեր մուծեն։

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ փորձագետ Տաթևիկ Բեժանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այդ հարցով իրենց են դիմել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ՌԴ-ում աշխատել են օրինական հիմքերով, ունեցել են պայմանագիր, նրանց համար գործատուն հարկեր է վճարել, ու անակնկալի են եկել, երբ ՀՀ ՊԵԿ–ից հարկային պարտավորությունների խախտման մասին նամակներ են ստացել։

Բեժանյանի խոսքով` երբ սկսել են ուսումնասիրել խնդիրը, պարզել են, որ դեռ 2018 թ. ԱՊՀ երկրները հարկային տեղեկություններ փոխանակելու մասին համաձայնագիր են կնքել Աստանայում։ ՀՀ-ն այն վավերացրել է 2020 թ. փետրվարին։

Ըստ այդ համաձայնագրի` եթե ՀՀ քաղաքացին ՌԴ-ում գտնվել և աշխատել է 183 և ավելի օր, դառնում է ՌԴ ռեզիդենտ ու կատարած աշխատանքի շահույթից վճարում 13 տոկոս եկամտահարկ։ Եթե քաղաքացին 183 օրից պակաս է գտնվել ՌԴ-ում, նա այլևս ՌԴ ռեզիդենտ չէ և վճարում է 30 տոկոս եկամտահարկ ու հետևաբար ՀՀ-ում ազատվում հարկերից։

«Խնդիրն առաջացնել է այն բանից հետո, երբ մեր քաղաքացիներից 30 տոկոսի փոխարեն գանձվել է 13 տոկոս։ Արդյունքում, քանի որ ՀՀ-ում եկամտահարկն ավելի բարձր է, քան 13 տոկոսը (2022 թ. համար այն 21 տոկոս է եղել), նվազագույն եկամուտների դրական տարբերությունը կազմել է 8 տոկոսի չափով, ու ՀՀ ՊԵԿ-ն այն հաշվարկել է ՌԴ աշխատանքի մեկնած մեր քաղաքացիների համար որպես չվճարված հարկ»,- Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ՝ նշեց Բեժանյանը։

Ըստ նրա` խնդիրը միայն այսքանով չի սահմանափակվել. ՀՀ քաղաքացիները, որոնք տեղյակ չեն եղել ու չէին էլ կարող տեղյակ լինել, որ իրենք նման խախտում են իրականացրել, ՊԵԿ-ից տեղեկացվել են ոչ միայն այդ պարտավորության, այլև այն մասին, որ արդեն իսկ ենթարկվել են տույժերի` յուրաքանչյուր չվճարված օրվա համար 0.04 տոկոսի չափով։ ՊԵԿ–ից վստահեցրել են, որ 2020 թվականից սկսած` 1005 մարդ է ծանուցվել հարկման այս մեխանիզմի մասին։

ՀԿ-ի փորձագետը համոզված է` անարդար վերաբերմունք է եղել ՀՀ աշխատանքային միգրանտների նկատմամբ։

«Ստացվում է` նրանք, ովքեր անօրինական են աշխատել, պայմանագիր չեն ունեցել, հարկեր չեն վճարել, ավելի շահեկան վիճակում են հայտնվում։ Մյուս կողմից` օրինական դաշտում աշխատող միգրանտներին հորդորում եմ չհետևել նրանց օրինակին. եթե որոշեն չկնքել աշխատանքային պայմանագիր, դա կարող է ունենալ շատ ավելի վատ հետևանքներ, օրինակ` կարող են ենթարկվել շահագործման։ Ես նրանց միայն խորհուրդ կտամ ՀՀ–ից դուրս գտնվել 183 օր և ավելի, այդ դեպքում ՀՀ-ի համար նրանք ռեզիդենտ չեն հանդիսանա, և նման պարտավորություն նրանց առաջ չի ծագի»,- ընդգծեց նա։

ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտներին ՊԵԿ–ն առաջարկում է հաշվապահական բարդ քայլեր, որոնք բավականին խճճված ու ծանր կլինեն նրանց համար։ Արդյունքում այս մարդիկ, որոնց 65 տոկոսը լավագույն դեպքում ունի մասնագիտական, իսկ մյուս մասը` միայն տարրական կրթություն, չի կարողանալու այս քայլերն իրականացնել և կսկսի վարձել հաշվապահների։ Մինչդեռ այս մարդկանց եկամուտը, որը հիմնականում գոյանում է շինարարական և բանվորական աշխատանքից, ըստ Բեժանյանի, աստղաբաշխական թվերի չի հասնում, որպեսզի նրանք կարողանան հավելյալ ծախս անել ու նաև հաշվապահ պահել։

Բեժանյանը խնդրի լուծման մի քանի տարբերակ է առաջարկում` ՊԵԿ-ը կարող է ուղղակի իրազեկել ու հաջորդ տարվանից սկսել կիրառել օրենքը կամ օրենսդրական փոփոխություն անել ու այդ տույժերն ուղղակի հանել օրենքից։

Ըստ ՀԿ-ի տվյալների` 2022 թվականին ՀՀ ավելի քան 130 հազար քաղաքացի է աշխատանքային պայմանագիր է կնքել ՌԴ-ում, 2023 թվականին այդ թիվը մի փոքր պակաս է եղել։

Համեմատության համար նշենք, որ ԵԱՏՄ անդամ հանդիսացող և Աստանայի համաձայնագիրը ստորագրած Ղրղզստանի միգրանտները նման խնդրի առաջ չեն կանգնել, այն դեպքում, որ ՌԴ աշխատանքային միգրանտների 13 տոկոսը Ղրղզստանից է, միայն 3 տոկոսը` ՀՀ-ից։

Խնդրին արձագանքել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեն` հայտարարելով, որ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած եկամտից հարկվող վճարի վերաբերյալ կարգավորումները նոր չեն, ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում հարկվող` ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք պարտավոր են հաշվարկել և եկամտային հարկ վճարել սահմանված դրույքաչափերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս