Խարդախությամբ մեր ժողովրդին ներկայացրել են այլ ծրագիր, հիմա իրագործում են հակառակը. Էդգար Ղազարյան

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը փետրվարի 20-ին` Արցախյան շարժման 35-ամյակին, Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում։

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի խոսքով՝ հանրահավաքն առաջին հերթին հրավիրել են Արցախյան շարժման օրվա կապակցությամբ, ուստի պետք չի ակնկալել, որ այս մեկ օրում հանրահավաքի միջոցով քաղաքական բոլորը խնդիրները կլուծվեն։

«Սակայն ակնհայտ է, որ այս օրը հանրահավաքի ուժը, խորհուրդը պետք է սկիզբ դնի քաղաքական հետագա գործողություններին, որը պետք է լինի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը։ Իհարկե, տրամաբանությունը հուշում է, որ նա ինքնակամ պետք է հրաժարական ներկայացնի, բայց եթե դա տեղի չի ունենում, ապա որոշումները պետք է կայացվեն իր կամքից անկախ։

Որոշման կայացման երկու իրավական մեխանիզմ գոյություն ունի՝ քրեական հետապնդում՝ իր գործած ենթադրյալ հանցագործությունների համար և անվստահության գործոնն ԱԺ պատգամավորների կողմից»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Էդգար Ղազարյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, այսօր Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը վարչապետի պաշտոնում՝ ապօրինի է։ Ավելին՝ փաստացի Կառավարությունը հրաժարվել է իր ներկայացրած նախընտրական ծրագրի կատարումից։

«Եթե ՔՊ-ն չի նախաձեռնում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, նշանակում է, որ խարդախությամբ ու խաբեությամբ ժողովրդին ներկայացրել են այլ ծրագիր ու խոստումներ, բայց հիմա իրականացնում են դրա տրամագծորեն հակառակը»,- շեշտեց Էդգար Ղազարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս