Փոլ ՄաքՔարթնիին վերադարձվել է 51 տարի առաջ գողացված կիթառը
Անգլիացի ռոք երաժիշտ, The Beatles-ի համահիմնադիր Փոլ ՄաքՔարթնիին է վերադարձվել կիթառը, որը նրանից գողացվել էր 51 տարի առաջ։
Höfner բաս կիթառը հայտնաբերվել է Սասեքսում՝ մի ընտանիքի տան ձեղնահարկում՝ շնորհիվ «Կորած բաս կիթառ» նախագծի թիմի։
Սըր Փոլ ՄաքՔարթնին կիթառը գնել էր 1961 թվականին։ Այն նրանից գողացվել էր 1972 թվականին Լոնդոնում՝ մեքենայի հետևի մասից։
ՄաքՔարթնիի խոսնակը հայտնել է, որ երաժիշտը «անհավատալիորեն երախտապարտ է» կիթառի վերադարձի համար։
Կիթառի որոնումները սկսվել էին, երբ երաժիշտը Höfner ընկերությանը հորդորել էր գտնել իր սիրելի գործիքը։ Այդ բաս կիթառով ՄաքՔարթնին նվագել էր տարբեր հիթեր, այդ թվում՝ «Love Me Do»-ն և«She Loves You»-ն։
«Կորած բաս կիթառ» նախագիծը դիմել էր հանրությանը՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել կիթառի մասին։ Սասեքսում ապրող մի ընտանիք դիմել էր թիմին՝ հիշելով, որ իրենց ձեղնահարկում մի հին բաս կիթառ կա։ Կիթառը երաժշտին է վերադարձվել 2023 թ. դեկտեմբերին։
Höfner-ի փորձագետները և Փոլ ՄաքՔարթնին հաստատել են, որ դա հենց նույն կիթառն է, որը գողացվել էր երաժշտից 51 տարի առաջ։
Կիթառի որոնումներով զբաղվող թիմը պարզել է, որ այն վաճառվել է Լոնդոնի փաբերից մեկի տիրոջը, այնուհետև տարվել է Սասեքս, որտեղ էլ պահվել է ձեղնահարկում։
Կիթառը ձեռք է բերվել 1961 թվականինԳերմանիայում,30 ֆունտ ստեռլինգով, սակայն «Կորած բաս կիթառ»-ի թիմը կարծում է, որ այժմ այն կարող է ավելի շատ արժենալ, քան երբևէ վաճառված ամենաթանկ կիթառը, որը պատկանել էր Nirvana խմբի վոկալիստ Կուրտ Քոբեյնին և 2020 թվականին վաճառվել է 6 միլիոն ԱՄՆ դոլարով։
The Beatles-ի մյուս հիմնադիր Ջոն Լենոնի կիթառը, որը նույնպես գողացվել էր, հիսուն տարի անց հայտնաբերվելուց հետո՝ 2015 թվականին, վաճառվել է 2,4 միլիոն ԱՄՆ դոլարով։