Էստոնիայի և Լիտվայի ԱԳՆ-ները բողոք են հայտնել ՌԴ-ին՝ պաշտոնյաների նկատմամբ հետախուզում հայտարարելու պատճառով
Էստոնիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարությունները բողոք են հայտնել Ռուսաստանին, որտեղ Ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Բալթյան երկրների մի շարք պաշտոնյաների նկատմամբ՝ խորհրդային զինվորների հուշարձանները ոչնչացնելու և վնասելու համար։
«Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ Էստոնիայի ԱԳ նախարարությունը փետրվարի 14-ին կանչել է Էստոնիայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Լենար Սալիմուլինին և վրդովմունք հայտնել Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի և պետքարտուղար Տայմար Պետերկոպի անունները Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից հետախուզվողների ցուցակում մտցնելու առնչությամբ։
Նշվում է, որ ըստ Էստոնիայի ԱԳՆ հաղորդագրության՝ Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարից պահանջել են գրավոր բացատրություն։
Էստոնիայի ԱԳՆ-ն նաև տեղեկացրել է Ռուսաստանի ներկայացուցչին, որ ռուսական պետության նման քայլերը չեն ազդի Էստոնիայի քաղաքականության վրա, և որ Տալլինը չի փոխի Ուկրաինային աջակցելու իր ուղեգիծը։
Լիտվայի ԱԳՆ-ն նույնպես բողոք է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը։
«Փետրվարի 14-ին Լիտվայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Լիտվայում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը, որին վճռական բողոք է ներկայացվել Ռուսաստանի Դաշնության որոշման առնչությամբ՝ հետախուզվող անձանց ցուցակում ընդգրկելու Լիտվայի քաղաքական գործիչների, պետական ծառայողների և այլ քաղաքացիների», – Լիտվայի ԱԳՆ-ի հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի ՆԳՆ-ի հետախուզման բազայում հայտնվել են Լիտվայի մշակույթի նախարար Սիմոնաս Կայրիսը, Կլայպեդայի քաղաքապետ Արվիդաս Վայտկուսը, լիտվացի դատավորներ, դատախազներ, մի քանի մունիցիպալիտետների նախկին ղեկավարներ՝ ընդհանուր առմամբ, շուրջ 30 մարդ:
Ավելի վաղ ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել է նաև Լատվիայի ԱԳՆ-ն՝ երկրի մի քանի նախարարների նկատմամբ Մոսկվայի կողմից հետախուզում հայտարարելու առնչությամբ։