Հազարավոր ֆերմերներ շարժվում են դեպի Հնդկաստանի մայրաքաղաք․ Դելին վերածվել է ամրոցի
Հազարավոր ցուցարար ֆերմերներ հարևան նահանգներից շարժվում են դեպի Հնդկաստանի ազգային մայրաքաղաքային շրջան Դելի՝ պահանջելով երաշխավորված գինիրենց հացահատիկի համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
2020 թվականին ֆերմերները ճամբար էին դրել Դելիի սահմաններին՝ բողոքելով գյուղատնտեսական բարեփոխումների դեմ։ Մեկ տարի տևած ցույցերի ընթացքում տասնյակ մարդիկ զոհվեցին, և կառավարությունն, ի վերջո, չեղարկեց օրենքը։
Այժմ ֆերմերները նորից ցույցի են դուրս եկել՝ նշելով, որ իրենց գլխավոր պահանջները չեն բավարարվել։ Նրանք խնդրում են երաշխավորված նվազագույն գին սահմանել իրենց բերքի համար, ինչպես նաև կրկնապատկել ֆերմերների եկամուտները, ինչպես խոստացվել էր։
Դելիի ոստիկանությունը շրջափակել է քաղաքը երեք կողմերից, որպեսզի խուսափի 2020 թվականիիրավիճակի կրկնությունից, երբ ֆերմերները մի քանի ամիս արգելափակել էին մայրաքաղաքը հարևան նահանգներին կապող մայրուղիները։
Իշխանությունները Դելիի շուրջ տեղակայել են արգելապատնեշներ, փշալարեր և ցեմենտե բլոկներ, որպեսզի ցուցարարները չկարողանան մտնել քաղաք։ Ոստիկանությունը նաև արգելել է քաղաքում մեծ հավաքները։
Ցույցին մասնակցում է ֆերմերների ավելի քան 200 արհմիություն, որոնք նաև փետրվարի 16-ին գործադուլ են հայտարարել. այդ օրը չի իրականացվի գյուղատնտեսական գործունեություն, բոլոր գյուղերում կփակվեն խանութները, շուկաները և գրասենյակները, իսկ ֆերմերները կարգելափակեն գլխավոր մայրուղիներն ամբողջ երկրում։
BBC-ն նշում է, որ ըստ փորձագետների՝ կառավարությունը կփորձի համաձայնության գալ ֆերմերների հետ, քանի որ մի քանի ամսից Հնդկաստանում տեղի են ունենալու համընդհանուր ընտրություններ, որոնցում վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը փորձելու է վերընտրվել երրորդ ժամկետով։