Գերակշիռ մեծամասնությունը չի վստահում իշխանություններին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Gallup International Association»-ի՝ Հայաստանում անցկացրած հերթական հարցման արդյունքները ուշագրավ պատկեր են ձևավորել: Նախ՝ ակնհայտ է, որ հասարակության գերակշիռ մեծամասնությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին ու իր իշխանությանը, ինչպես նաև նրանց կողմից իրականացվող քայլերին:

Ի մասնավորի, մոտ 38 %-ի կարծիքով՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ 34,2 %-ը կարծիք է հայտնել, որ առանձին դրույթներ պետք է փոխվեն, որոնք, սակայն, որևէ կերպ չպետք է վերաբերեն ազգային ինքնության սիմվոլներին և Անկախության հռչակագրին: Ավելին, հարցման մասնակիցների ընդամենը 13,4 %-ն է կարծում, որ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն:

Հաջորդը. մեր քաղաքացիների 95,7 %-ը պատրաստակամություն է հայտնել հավանական պատերազմի դեպքում պայքարել հանուն Հայրենիքի: Այս ցուցանիշը ջարդում է Նիկոլ Փաշինյանի հեքիաթները կռվել չցանկանալու արդյունքում պարտվելու կամ «12 հազար դասալիքի» մասին: Ինչ վերաբերում է հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, ապա, ինչպես և սպասվում էր, նրա վարկանիշը կտրուկ անկում է գրանցել:

Ի մասնավորի, նրան «լիովին վստահում» է 15,1 %-ը՝ 3 ամիս առաջվա 20,4 %-ի դիմաց։ Նրան չվստահողները («ավելի շուտ չեմ վստահում» և «ընդհանրապես չեմ վստահում») կազմում են հարցվածների 66,4 %-ը (3 ամիս առաջ՝ մոտ 55 %):

Միևնույն ժամանակ ուշագրավ է ընդհանրապես քաղաքական դաշտին տրված գնահատականը: Ճիշտ է, վստահության առումով առաջատարը ՔՊ-ն ու խորհրդարանական ընդդիմությունն են, այդուամենայնիվ, հարցումները ցույց են տվել, որ մոտ 68 %-ը կա՛մ ամբողջովին հիասթափված է գործող հիմնական քաղաքական ուժերից, կա՛մ նոր ուժերի ու անհատների է ցանկանում տեսնել:

Այս առումով բոլոր ուժերի համար կարևոր ցուցիչ է, որ «դժվարացել է պատասխանել» մոտ 23 %-ը, իսկ մոտ 26 %-ը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին:

Ավելին, մտածելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ հարցվածների կեսից ավելին կողմ է արտահայտվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին (միանշանակ անհրաժեշտ՝ 29,3 %, ավելի շուտ անհրաժեշտ՝ 20,8 %):

Ի դեպ, գրեթե նույն ժամանակահատվածում հարցումներ է անցկացրել նաև «Ֆոկուս» ընկերությունը: Այստեղ էլ հարցվածների մոտ 65 տոկոսը կտրուկ դեմ է արտահայտվել Սահմանադրության այնպիսի փոփոխություններին, որ Մայր օրենքից կհեռացնի Արցախի մասին հիշատակումը: Կողմ է եղել ընդամենը 13 տոկոսը: Հավելենք, որ վերջինիս հարցման արդյունքներում ուշագրավ ցուցանիշներ կան՝ կապված Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի հետ: Միջազգային կազմակերպություններից Հայաստանի քաղաքացիների համար առաջատարը ԵԱՏՄ-ն է՝ մոտ 38 տոկոսով, երկրորդ տեղում Եվրամիությունն է՝ 18 տոկոսով: Հետաքրքիր է, որ ՀԱՊԿ-ը «վազանցել» է ՆԱՏՕ-ին. առաջինի օգտին քվեարկել է 8,5 տոկոսը, երկրորդի օգտին՝ 7,2: ՄԱԿ-ն այս հարցման ցուցակի հետնապահն է՝ 4,4 տոկոսով»:

Տեսանյութեր

Լրահոս