Ստալինը, Սուրբ Էջմիածինը և մեծ պահքի շրջանը․ Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1941 թ․ հուլիսի 3-ին ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինը կյանքի մեջ առաջին և վերջին անգամ անվստահ և ընդհատվող ձայնով դիմեց քաղաքացիներին։ 11-րդ օրն է՝ ընթանում էր պատերազմը, գերմանական ավիացիան և ծանր հրետանին անարգել ռմբակոծում էին սովետական աերոդրոմները, զորամասերը, քաղաքներն ու գյուղերը՝ խորանալով երկրի տարածքի ներսում։
Իսկ Ստալինը չգիտեր, ինչ ասել այդ վիճակում։ Եվ ահա նրա ելույթն սկսում է աննախադեպ դիմելաձևերով՝ «Ընկերնե՛ր, քաղաքացինե՛ր, եղբայրնե՛ր և քույրե՛ր… ձեզ եմ դիմում ես, ի՛մ բարեկամներ»։ Չկար որևէ հիշատակում բանվորագյուղացիության, սոցիալիստական աշխատավորների, ինտերնացիոնալի և դասակարգային ու կեղծ ինքնութենական այլ կատեգորիաների մասին։ Փոխարենը կար մի դիմելաձև, որ դեռ 24 տարի առաջ ամեն կիրակի հնչում էր ռուս մարդկանց ականջներում եկեղեցական քարոզի ժամանակ՝ «եղբայրնե՛ր և քույրե՛ր»…
Կրթությունը եկեղեցուց սկսած, ապա եկեղեցու անհաշտ թշնամու վերածված Ստալինը լավ գիտեր, ինչ էր ասում։ Պատերազմի այդ բախտորոշ օրերին նա ցանկանում էր մարդկանց մեջ արթնացնել վաղուց անթեղված աստվածընկալողունակությունը, որպեսզի կարողանային, երկրային մահը ուրանալով, հաղթել գերմանական ամենակուլ բանակին, որի համազգեստների վրա նույնպես գրված էր՝ «Ընդ մեզ Աստված»։
Եկեղեցամերժության և անսանձ աթեիզմի քարոզը, որ տարվել է անկախացած Հայաստանում, առաջին հայացքից միայն կարող է թվալ «անձնական խղճի նախընտրության» դրսևորում։ Իրականում դա եղել է և շարունակում է մնալ մի սիստեմատիկ ավերիչ ալիք, որն իր ներքո պետք է թաղի մարդկանց լավագույն բնազդները, ընդհանուրն անձնականից վեր դասելու գիտակցությունը և երկրի վրա գանձեր դիզելու փոխարեն երկնքում գանձեր դիզելու, այդ թվում՝ «մահ իմացեալ»-ը գերադասելու պատրաստակամությունը։ Եվ դեռ չեմ խոսում այն մասին, որ դրական առնչակցություն կա եկեղեցական հավատացյալ լինելու և բազմազավակության մեջ։ Կարճ ասած՝ որտեղ օրինավոր եկեղեցի, այնտեղ կյանքի օրինավոր շարունակականություն։
Այս բոլոր ճշմարտությունների իմացությունն էր, որ պատերազմի օրերին Ստալինին տարավ հաշտության թե՛ ռուսաց եկեղեցու, թե՛ հայոց եկեղեցու հետ։ «Խնդրում եմ` իմ ողջույնը և Կարմիր Բանակի շնորհակալությունը հայտնել հավատացյալ հայերին ու Էջմիածնի կաթողիկոսարանի հոգևորականությանը, որը միջոցներ է մուծել «Սասունցի Դավթի» անվան տանկային շարասյունը կառուցելու համար»,- 1943 թ․ հունվարին գրում էր սովետական առաջնորդը կաթողիկոսական տեղապահ Գևորգ Զ Չորեքչյանին։
Վաղը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տոնացույցում սկսվում է մեծ պահքի շրջանը՝ խորհրդանշելով անապատում Քրիստոսի ծոմապահությունը։ Ըստ մեր եկեղեցու հայրերի՝ մեծ պահոց շրջանը երբեմնի կորուսյալ դրախտը վերագտնելու հնարավորություն է։ Հայերիս համար եկեղեցական ցանկացած տոն, ցանկացած ծես ու օրենք կրկնակի հանձնառություն է պարունակում, որովհետև մեր եկեղեցին ազգային եկեղեցի է, և հոգևոր փրկությունից զատ՝ առաջնորդում է նաև դեպի ազգային փրկություն, հոգևոր դրախտից զատ՝ առաջնորդում է նաև դեպի երկրային դրախտ, այն է՝ դեպի մեր հայրենիքի կորուսյալ հողերի ազատագրություն»։