Բաժիններ՝

Արթիկ քաղաքում տեղի է ունեցել զինված ավազակային հարձակում․ կան տուժողներ

Արթիկ քաղաքում փետրվարի 9-ին տեղի է ունեցել զինված ավազակային հարձակում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվական կենտրոնից, ժամը 11:10-ին Արթիկի մի բնակիչ հաղորդում է ներկայացրել, որ առավոտյան իրենց շենքի շքամուտքի մոտ չորս դիմակավորված անձիք, քաշքշելով իրեն ու որդուն, նստեցրել են OPEL մակնիշի մեքենան, այնուհետև որդու մեքենայի սրահից վերցրել են իրենց խանութի համար նախատեսված ոսկյա զարդերն ու նրանց տարել են մարզադաշտի ուղղությամբ, ծեծի են ենթարկել իրեն ու որդուն, ատրճանակից անկանոն կրակոցներ արձակել և ատրճանակի բռնակով հարվածներ հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ստացված հաղորդումը ուղարկվել է Արթիկի և Անիի քննչական բաժիններ։

Ըստ ունեցած տեղեկությունների, դիմակավորված անձիք հափշտակել են մոտ 85 հազար դոլարի ոսկյա զարդեր։ Ավազակային հարձակման հետևանքով «գլխի բազմաթիվ արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ 32-ամյա Մհեր Մ.-ն տեղափոխվել է հիվանդանոց։

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզայի քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քրեական օրենսգրքի 252 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (ավազակային հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) հատկանիշներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս